Բաժիններ՝

«Սա երկիրը  «մատ թափ տալով» կառավարելու փորձերի շարունակությունն է». Աշոտ Բարսեղյան

Իշխանությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ եթե հոկտեմբերի 14-ից աշխատողը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ թեստի վերաբերյալ թերթիկը, ապա գործատուն իրավունք ունի նրան արգելել մուտք գործել աշխատավայր, ընդ որում, նրան աշխատավարձ չվճարել, ընդհուպ՝ մինչև աշխատանքից հեռացնելը։

Այս ամենից զատ, Առողջապահության նախարարը, ԱԺ նախագահը և իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ քննարկում են ստեղծել այնպիսի նախագիծ, ըստ որի՝ առանց պատվաստման թերթիկի կամ ՊՇՌ թեստի մարդիկ չկարողանան այցելել ռեստորաններ, սրճարաններ, համերգասրահներ և ժամանցի այլ վայրեր։

168.am-ի հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով սպասվելիք  այս նախագծին՝ նկատեց՝ հերթական չմտածված քայլն են անում։

««Մատ թափ տալով» երկիրը կառավարելու փորձերի շարունակությունն է, բավական է նայել Ռուսաստանի օրինակին, որպեսզի հասկանանք, որ բոլոր նմանատիպ սահմանափակումները շատ արագ հանվեցին, որովհետև մարդիկ հասկացան այդ գործողության անհեռանկարայնությունը։ Եթե իշխանությունը մտցնի նման սահմանափակումներ, ապա պետք է պատասխանատվություն ստանձնի ցանկացած տատանում փոխհատուցելու համար՝ շրջանառության և եկամտաբերության վերաբերյալ։ 2020 թվականին ի՞նչ տեղի ունեցավ, սահմանափակումներ մտցրեցին, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, այսինքն՝ 2020 թվականի մեր բնագավառի կրած ամբողջ վնասի բեռը և պանդեմիայի ամբողջ հետևանքները կրել են միայն գործարարները։ Մի քանի ամիս մենք չենք աշխատել, սկզբում պանդեմիա էր, հետո՝ պատերազմ, այդ ամբողջ ընթացքում գործարարներն ամեն ինչ արել են, որպեսզի իրենց աշխատակիցներն առանց աշխատանքի չմնան ու խնդիրների չբախվեն»,- նշեց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ պետությունը ոչինչ չէր անում, միայն 20 մլրդ դրամ ծախսում էր կոնտակտավոր անձանց մեկուսացնելու վրա՝ զրոյական արդյունավետությամբ։ Հետևաբար, սա այդ նույն կառավարությունն է, որը փորձում է  խոսել «մատ թափ տալով», որոշումներ է կայացնում՝ առանց հետևանքները հաշվի առնելու կամ փողոցներով քայլելով ասում են, թե տնտեսական ակտիվությունը լավն է, քանի որ սրճարաններում մարդիկ են տեսնում։

«Այսինքն՝ իրենք այս մակարդակով են գնահատում տնտեսությունը, իսկ հետո խոսում են թվերի մասին, ինչ-որ տեղերից հատվածական թվերը մեկը գումարելով մյուսին, աննախադեպ թվեր են ցույց տալիս։ Բնակչության տոկոսը նվազել է, համապատասխանաբար՝ նվազել է նաև սպառումը, տուրիզմը գրեթե զրոյացել է, տնտեսությունների եկամուտները նվազել են, ուստի նման իրավիճակում ևս մեկ անգամ հարվածել մի բնագավառի, որը 50.000 աշխատատեղ է ապահովում, սա թող արդեն Ալեն Սիմոնյանը հաշվի, եթե ինքն առհասարակ հաշվելու տնտեսական ունակություններ ունի՝ նման առոգանությամբ խոսելու հետ մեկտեղ։ Ինքն էլ է սրճարան ունեցել, երկար տարիներ այդ բնագավառում է աշխատել, հետո հայտնի հանգամանքներում լքել է բնագավառը»,- հավելեց Աշոտ Բարսեղյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հարցեր կուղղի նախարարությանը՝ հասկանալու համար, թե պետությունը կփոխհատուցի՞ իրենց կրած վնասների համար, որը կլինի նման որոշում ընդունելու արդյունքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս