Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է խոստացել արաբական երկրների հետ կապերը զարգացնելու գործում

ԱՄՆ-ն Իսրայելին կօգնի «ամրապնդել ու ընդլայնել» խաղաղ հարաբերություններն արաբական եւ մուսուլմանական երկրների հետ: Այդ մասին ասվում է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ՝ ամփոփելով Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ կայացած հանդիպումը: Լապիդը, որը, ըստ կոալիցիոն համաձայնագրերի պայմանների, ապագայում զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, առաջին այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նոր վարչակազմը խոստանում է զարգացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական խոշոր հաջողություններից մեկը՝ մերձավորարեւելյան տարածաշրջանի հարեւանների հետ հրեական պետության կապերի նորմալացման «աբրահամյան» պայմանավորվածությունները:

«Նրանք քննարկել են Արաբական Միացյալ Էմիրության, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ Իսրայելի հարաբերությունների խորացումը: Նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը կշարունակեն միմյանց հետ սերտ փոխգործակցության աշխատանքը Իսրայելի եւ արաբական ու մուսուլմանական երկրների միջեւ խաղաղ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման համար»,-ասված է մամուլի տեղեկագրում: Հոկտեմբերի 13-ին պլանավորված է Լապիդի հանդիպումը ԱՄԷ-ի գործընկեր Աբդուլլա բին Զայիդի հետ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներկայությամբ:

Թրամփի օրոք Իսրայելը համաձայնագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրության, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Սուդանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ, որը ուշացնում է դրանց վավերացումը: Լապիդը Սալիվանի հետ քննարկել է Գազայի հատվածի իրադրությունը՝ շեշտը դնելով գործնական քայլերի կարեւորության վրա՝ միջատարածքի պաղետինյան բնակչության կյանքի բարելավման համար: Նրանք նաեւ կարծիքներ են փոխանակել Իրանի կողմից սպառնալիքների առնչությամբ, որի ավելի խորը քննարկումն իրականացվում է երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների կանոնավոր կոնսուլտացիաների շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս