Բրյուսելը Վրաստանի միջոցով աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ․ վրացի վերլուծաբան

Ռուսաստանում Լավրով-Աբդոլլահիան բանակցություններից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարարը խոսեց տարածաշրջանային 3+3 ձևաչափի շուրջ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ևս անդրադարձավ տարածաշրջանային բազմակողմ համագործակցությանը։ Նա նախ նշել է, որ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցություն է իրականացվում։

«Այսօր, 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Վրաստանն արդեն կարևոր դեր և գործառույթներ է իրականացնում։ Ինչպես ձեզ հայտնի է, վարչապետի ուղիղ նախաձեռնությամբ և միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ հաղորդակցություն է անցկացվում»,- նշել է Դավիթ Զալկալիանին։

Նա նաև հավելել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ այդ ուղղությամբ հետագայում էլ ակտիվ քայլեր են ձեռնարկվելու։

Վրացի նախարարը նաև ասել է, որ Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափին։

«Մենք պետք է գոնե ինչ-որ ձևով ներկայացված լինենք այդ խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում, բնականաբար՝ ոչ պետական շահերի և ինչ-որ զիջումների հաշվին»,- ասել է Զալկալիանին։

Նրա խոսքով` Թբիլիսիի համար դժվար կլինի մասնակցել այդ ձևաչափով Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից ռուսական զորքերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության ֆոնին:

Միաժամանակ, նրա խոսքով, կարևոր է, որ Վրաստանը հետ չմնա տարածաշրջանում զարգացող գործընթացներից և անպայման մասնակցի բոլոր նոր նախագծերին, նույնիսկ ենթակառուցվածքային, հակառակ դեպքում դրանք կշրջանցեն Թբիլիսին, և երկիրը կկորցնի իր դերն ու գործառույթը։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանը բացահայտ չի հրաժարվում տարածաշրջանային նախագծից, որը Թուրքիայի նախագահի գաղափարն էր, և կիսում է նաև Ռուսաստանը։

Սակայն, նրա խոսքով, ի սկզբանե պարզ էր, որ այդ նախագծին Վրաստանը չի մասնակցելու։

«Սակայն ներկայումս տեսնում ենք, որ Վրաստանն իր գործընկերների՝ Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությամբ աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, բանակցություններ վարում տարածաշրջանային բոլոր երկրների հետ, բացառությամբ Ռուսաստանի։ Սա Վրաստանի համար ավելի նախընտրելի աշխատաոճ է, քանի որ և՛ Վրաստանի, և՛ Վրաստանի գործընկերների շահերն ապահովվում են, իսկ Վրաստանն իրեն անվտանգ է զգում, քանի որ որևէ մյուս ձևաչափում ԵՄ-ն կամ այլ երկիր ներկայացված չէ, ինչը զգուշանալու առիթ է տալիս Վրաստանին։

Սակայն Վրաստանը հասկանում է, որ չմասնակցելը ևս ռիսկեր է պարունակում, քանի որ Վրաստանը չի ցանկանա, որ իրեն շրջանցեն տարածաշրջանի մեծ ենթակառուցվածքները։ Կարծում եմ՝ այն ձևաչափը, որով առաջնորդվում է Վրաստանը, ամենաօպտիմալն է, հատկապես, երբ դրա օգտակարությունից խոսում են նաև Հայաստանում ու Ադրբեջանում»,- ասաց վրացի վերլուծաբանը։

Նրա կարծիքով, կարելի է ասել, որ Վրաստանն այստեղ աշխատում է Բրյուսելի փոխարեն։

«Կարելի է նաև նշել, որ սա Բրյուսելի միջնորդությունն է, որի գործընթացը սկսվել է այս տարվա գարնանից։ ԵՄ-ն աշխատում է Վրաստանի ու մյուս կողմերի հետ տարածաշրջանում, և արդյունքները առաջիկայում, հուսանք, տեսանելի կլինեն։ Կարևորն այն է, որ հաջողվում է աշխատել կողմերի հետ, որով Արևմուտքն աջակցում է թե՛ կողմերին, թե՛ Վրաստանին, ընդլայնելով Վրաստանի ռեգիոնալ կշիռը։ Հիշեցնեմ, որ Վրաստանը միշտ էր առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդական որոշակի աշխատանք, սակայն ԵԱՀԿ գործունեությունը դա սահմանափակում էր, ինչպես նաև Վրաստանը չէր ցանկանում վնասել ԵԱՀԿ ՄԽ-ին։ Այժմ, երբ չի գործում Մինսկի խումբը, Արևմուտքը փորձում է դրա համար այլընտրանքային միջնորդական ձևաչափեր գտնել, որում չեն անտեսվի  իր և իր գործընկերների տարածաշրջանային շահերը»,- ասաց Գոգոլաշվիլին։

Նա հույս հայտնեց, որ արդյունավետ աշխատանք կլինի նաև Իրանի հետ, որպեսզի տարածաշրջանային պրոյեկտներն իրագործվեն ՀՀ-ի ու Իրանի մասնակցությամբ։ «Իրանում օրերս Իրանի ու ՀՀ-ի ԱԳ նախարարները խոսեցին այդ պրոյեկտների մասին, ինչը ողջունելի է։ Սակայն դրա համար հարկավոր է առողջ մթնոլորտ ռեգիոնում, որը չկա։ Ներկայումս լարվածությունների ականատես ենք Հարավային Կովկասում, որն անհանգստացնող է, ռեգիոնալ բռնկում թույլ տալ չի կարելի։ Հուսանք, որ քաղաքական հանդիպումները կթոթափեն լարվածությունը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս