Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնսենսուս կա՞
Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը հաճախակի է հանդես գալիս ուշագրավ և վերլուծության ենթակա հայտարարություններով: Օրերս նա հայտարարեց, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»։ Բաքվում Եվրամիության նորանշանակ ներկայացուցիչ Պետր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է, որ Ադրբեջանն իբրև թե պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ, որը մասամբ սկսվել է։ «Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրոպական միությունն ակտիվորեն մասնակցի, ու ես տեսնում եմ, որ այդպիսի ցանկություն կա, դա կարող է մեզ օգնել տարբեր ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը կարող է ընդունել միանգամայն նոր մասշտաբներ, որոնք չեն եղել 30 տարի։ Դա կարող է նաև կարևոր գործոն լինել կայունության, կանխատեսելիության և խաղաղության համար»,- այսպիսի ձևակերպում է արել Ալիևը։
Այստեղ ուշագրավ էր միանգամից երկու միտք․ նախ այն, որ գործընթացը մասամբ սկսվել է, որի բովանդակությանը հասարակությունները ծանոթ չեն, ինչը նշանակում է, որ ոչ հրապարակային գործընթացներ կան կողմերի միջև և երկրորդ՝ Ադրբեջանը ԵՄ-ին միջնորդության առաջարկ է անում: Սակայն վերջինը Ալիևի նախաձեռնությունը չէ: Վերջին ամիսների ընթացքում եվրոպացի ամենաբարձր պաշտոնյաները մի քանի պատվիրակությամբ այցեր կատարեցին տարածաշրջան՝ առաջարկելով, որպեսզի ԵՄ-ն ստանձնի որոշակի դերակատարություն կողմերի միջև:
Հարկ է հիշեցնել, որ այս տարվա հունիսի վերջին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորությամբ՝ Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ու Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն այցելեցին Բաքու, ապա՝ Երևան և Թբիլիսի՝ նպատակ ունենալով խորացնել հարավկովկասյան երկրների և Բրյուսելի հարաբերությունների ու նախապատրաստել Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին։
Այնուհետև հուլիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին այցելեց Թբիլիսի, Բաքու ու Երևան, որի շրջանակում հայտարարվեց աննախադեպ ֆինանսական աջակցության փաթեթներ տարածաշրջանի երկրներին:
Հանձնակատարի այցին հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը հուլիսի կեսերին, ով տարածաշրջանում առաջարկեց, որպեսզի ԵՄ-ն դերակատարություն ստանձնի, ինչպես նաև արծարծեց Արցախի կարգավիճակի հարցը՝ ներկայացնելով ԵՄ որոշ առաջարկները: Բաքվում նա հայտարարել էր. «Եվրամիությունը պատրաստ է խաղալ կառուցողական դեր՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին։ Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի դերին, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ն էլ չի կարող տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություններ ապահովելու համար տրամադրել որոշակի փորձառություն, աջակցություն, գաղափարներ և խրախուսել որոշ հնարավոր բարելավումները՝ ավելի շատ կայունության, ավելի շատ անվտանգության համար»:
Սեպտեմբերին տարածաշրջանային երկրներ այցելեց նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտեցի հիանալի այցը Հայաստան: Երասխ այցելությունը հստակ պատկերացում տվեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու դրան»,- իր թվիթերյան էջում գրել էր Կլաարը, ով այցելել էր Երասխ իր հայաստանյան այցի ավարտին:
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս տարի ԵՄ-ն ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ, ինչպես և ակնկալվում էր, ուշադրություն և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրեց ԱլԳ անդամ երկրներին: Նրա խոսքով, այլ հարց է, թե ԵՄ այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա ժամանակի ընթացքում, սակայն արձանագրենք, որ աշխարհաքաղաքական միտումների ներքո ԵՄ-ն սկսեց աշխատել: Վերլուծաբանը նշեց, որ տեղում՝ հարավկովկասյան երկրների կողմից ԵՄ-ին հրապարակայնորեն հատկացվող դերակատարության հանգամանքը ենթադրում է, որ ինչ–որ գաղափարի շուրջ կա պատկերացում:
«Սակայն հարկ է հասկանալ, թե ինչ, քանի որ տարիների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ-ն հաջողում է միայն բարեփոխումներ և դրան հատկացվող աջակցության փաթեթների հարցում, այս դեպքում թույլ է քաղաքական բաղադրիչը, այնուամենայնիվ, հաշվի առնելով, թե ինչ ազդեցություն ունեն ռեգիոնում այլ երկրները: Կարծում եմ՝ ԵՄ-ն ցանկանում է քաղաքական ազդեցություն, կողմերի միջև որոշակի միջնորդական ջանքեր է ներդրել, դուրս չմնալ ռեգիոնալ օրակարգից: Պատերազմը ցույց տվեց, որ բոլոր այն կողմերը, որոնք չեն կարևորել Հարավային Կովկասի օրակարգերը և խնդիրները, ցնցման դեպքում հայտնվում են տարածաշրջանից քաղաքականապես դուրս մնալու ռեալ վտանգի առջև: Այս պահին էլ վստահ չեմ, որ կողմերը և ԵՄ-ն լիովին հասկանում են միմյանց ակնկալիքները կամ անկեղծ են իրենց առաջարկներում՝ հաշվի առնելով ԵՄ ակնկալիքները: Այնուամենայնիվ, աշխատելն ավելի լավ է, քան ԱլԳ գործիքակազմը չօգտագործելը»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա, մինչև կայանալիք գագաթաժողովը կողմերը փորձում են ինչ-որ արդյունք ցույց տալ, բովանդակություն հաղորդել կայանալիք գագաթաժողովին, որը նոր նյուանսներ է ունենալու, քանի որ ԱլԳ-ն, կարելի է ասել՝ կիսվել է:
Նա հիշեցրեց, որ առանձնացել են Ուկրաինան, Մոլդավան և Վրաստանը:
«Ու հասկանալի է, որ ԵՄ-ն պետք է կարողանա ինչ-որ բան առաջարկել իր մյուս գործընկերներին: Հայաստանի և Ադրբեջանի դեպքում ԵՄ-ն որոշ քաղաքական հարցերի կարգավորման գործընթացում իրեն տեսնում է միջնորդի դերում, բայց դա հակասում է Ռուսաստանի հետպատերազմյան դերին, Թուրքիայի հավակնություններին: Բացի այդ, ներկայումս տարածաշրջանում իրավիճակը լարված է, ու բարդ է պատկերացնել, թե ինչպես և ում միջև են գործընթացները բաշխվելու: Այնուամենայնիվ, կա կոնսենսուս, սակայն, կարծում եմ, դեռ ամեն ինչ չէ, որ կողմերի միջև ճիշտ է հասկացված»,- ասաց նա: