«Քաղաքացիների մեծ մասը հակված է չպատվաստվելուն, կարծում են՝ անպտղության, կաթվածի, պարալիչի վտանգներ կան»․ Արսեն Թորոսյանը պատվաստվելու կոչ է անում

Առողջապահության նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է COVID-19-ի դեմ պատավաստումներին՝ նշելով, որ շրջանառվող այն տեղեկությունները, թե պատվաստանյութերը վտանգավոր են մարդկանց առողջության համար, իրականության հետ աղերս չունեն, և որ որևէ կերպ չեն կարող վտանգ հանդիսանալ մարդկանց առողջության համար, ընդհակառակը՝ պաշտպանելու է COVID-19-ով վարակվելուց, վարակվելու դեպքում էլ ծանր հիվանդանալուց կամ վատ ելքից․

«Մեր քաղաքացիների մեծ մասն ավելի հակված է չպատվաստվելուն, քան՝ պատվաստվելուն, որովհետև կարծում են, որ պատվաստումների մեջ գենետիկ փոփոխությունների, անպտղության, կաթվածի, պարալիչի վտանգներ կան․․․

Թագավարակ վիրուսը լիպիդներից կազմված պատյան է, որի վրա՝ ամբողջ մակերեսով, փոքրիկ սպիտակուցներ կան, իսկ ներսում վիրուսի գենետիկ նյութն է գտնվում, որն այս վիրուսի դեպքում ՌՆԹ-ն է։ Այս փոքրիկ սպիտակուցները գնում, կապվում են մեր բջիջների պատյանի հետ, վիրուսը մտնում է բջջի մեջ ու սկսում է բջիջները ոչնչացնել, արտադրվելով, բազմանալով և պայթեցնելով բջիջները՝ հատկապես թոքային հյուսվածքի բջիջները, բայց գիտենք, որ ազդում է նաև գլխուղեղի վրա, շատ այլ օրգան համակարգերի վրա»։

Թորոսյանը շեշտում է, ինչքան էլ տպավորություն ստեղծվի, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը նոր են ստեղծվել, դրանց մեխանիզմները վաղուց են հայտնի․

«Մենք ունենք 2 տեսակի COVID պատվաստանյութեր, մեկը՝ վեկտորային հիմքով պատվաստանյութերն են, երկրորդը՝ մՌնԹ (mRNA) պատվաստանյութերն են։ Վեկտորային պատվաստանյութերը, որոնց թվին են դասվում՝ SputnikV-ն, AstraZeneca-ն, չինական Sinopharm-ի պատվաստանյութը, այս մեխանիզմը հայտնի է արդեն 40 տարի և բազմաթիվ պատվաստանյութեր են ստեղծվել այդ մեխանիզմով։ Իսկ մՌՆԹ-ն տեխնոլոգիապես ավելի նոր է, սրանց դասին են պատկանում՝ Modernan-ն, Pfizer-ը, բայց այնուամենայնիվ աշխատանքի մեխանիզմը կրկին հայտնի է վաղուց։ սա այն հարցին ի պատասխան, որ այս ամենը նոր է, իրականում նոր չէ, այս ամենը հայտնի է վաղուց և բազմաթիվ անգամներ փորձարկված է»։

Արսեն Թորոսյանը գրատախտակի վրա նկարել է վիրուսը և ներկայացրել, թե ինչ է տեղի ունենում պատվաստվելուց հետո COVID-19-ով վարակվելուց հետո․

«Ի՞նչ է նշանակում վեկտորային պատվաստանյութ, նրա իմաստը հետևյալն է՝ վերցված է մի անվնաս վիրուս, կոնկրետ դեպքում ադենովիրուսները, որոնք մեր օրգանիզմի համար անվնաս վիրուսներ են, դրանք կարող են մտնել մեր օրգանիզմ, ինչ-որ թեթև հիվանդություն առաջացնել և դուրս գալ, դրանց մասին մենք նույնիսկ չենք էլ իմանում․․․ Վերցված է ադենովիրուսը և նրա մակերեսին նույն սպիտակուցը, որը կա կորոնավիրուսի վրա, այսինքն՝ այլ վիրուս, բայց նույն սպիտակուցով։

Դրա իմաստը հետևյալն է՝ պատվաստվելու միջոցով, երբ այս վիրուսը մենք ստանում ենք, մենք չենք հիվանդանում, բայց մեր օրգանիզմը, տեսնելով այս սպիտակուցը, որն օտար է մեր օրգանիզմի համար, հատուկ մեխանիզմով ստեղծում է պաշտպանիչ բանակ, զորք այդ վիրուսի դեմ, դրանք կոչվում են՝ հակամարմիններ, այդ հակարմարմիններն առաջանում են նաև, երբ բնական ճանապարհով ենք այդ ամենի դեմ պայքարում, բայց փաստացի մենք ունենք հնարավորություն առանց մեր օրգանիզմը ռիսկի տակ դնելու այդ հակամարմինները մեր օրգանիզմում ունենալու։ Պատվաստումից հետո, երբ մենք բավարար չափի հակամարմիններ ունենք մեր օրգանիզմում, և ինչ-որ հանգամանքներում վարակվում ենք կորոնավիրուսով, մեր օրգանիզմը չի սկսում նոր արտադրել հակամարմինները, մենք այդ հակամարմիններով արդեն սկսում ենք սպանել եղած վիրուսներին։

Հետևաբար՝ այս մեխանիզմի մեջ մեր օրգանիզմին վնաս տվող որևէ հանգամանք չկա, էլ չեմ ասում աբսուրդային, օրինակ՝ անպտղություն՝ տղամարդկանց և կանանց մոտ, պարալիչ, երբ վերջույթները չեն աշխատում և այլ տարատեսակ հիվանդություններ որոնք անհեթեթ են»։

Թորոսյանի խոսքով՝ պատվաստումով առաջացած իմունետետն ի տարբերություն բնական ճանապարհով վարակվելու, շատ ավելի որոակյալ և ուժեղ է․

Պե՛տք է պարտադիր պատվաստվենք անկախ նրանից՝ հիվանդացել ենք և լավացել ենք, և անկախ նրանից, թե ինչ տիտրի հակամարմիններ մենք ունենք»։

Թորոսյանը ներկայացրել է նաև պատվաստանյութերի երկրորդ տեսակը՝ մՌՆԹ-ն, նշել, որ այն ևս արդյունավետ է։

Տեսանյութեր

Լրահոս