
Մեկնարկեց Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը

Հռոմի Կիջի պալատում մեկնարկել է պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մինչ այդ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ։
Արարողակարգային լուսանկարահանմանը հաջորդեց ՀՀ նախագահի և Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի հանդիպումը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Հանբարձումյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը։
Օրակարգում տնտեսական հարցեր են, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։
Կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումներով պայմանավորված՝ 2020թ.-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը նվազել էր 12 տոկոսով, սակայն 2021թ․-ի առաջին կիսամյակում առևտրաշրջանառությունը ոչ միայն վերականգնվել է, այլ ավելին՝ աճի միտում է նկատվում։
Հայ-իտալական տնտեսական համագործակցության փոխադարձ հետաքրքրության բնագավառներն են շինարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեքստիլը և քիմիական արդյունաբերությունը:
Իտալիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին հիմնականում հետևյալն է` հագուստ, սարքավորումներ, կոշկեղեն, սննդամթերք, կահույք: Հայաստանից Իտալիա արտահանվում են հիմնականում կաշվի հումք, մորթիներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր:
Հայաստանի Հանրապետությունում 2021թ.-ի դրությամբ գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ շուրջ 160 ձեռնարկություն։