Ի՞նչ է սպասվում տարածաշրջանին. Թեհրանը օրեցօր կոշտացնում է դիրքորոշումը՝ թույլ չի տա հարվկովկասյան քարտեզի փոփոխություն
Թեհրան-Բաքու խորացող առճակատմանը և «փոխհրաձգությանը» զուգահեռ՝ Իրանը շարունակում է ռազմաքաղաքական-դիվանագիտական ուղերձներ հղել ոչ միայն տարածաշրջանային երկրներին, այլև տարածաշրջանի բոլոր արտաքին խաղացողներին, այդ թվում՝ Մոսկվային: Մի շարք փորձագետների համոզմամբ, տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է, և Իրանն ու Բաքուն գտնվում են իրենց հարաբերությունների ամենակրիտիկական փուլում՝ մինչև անգամ պատերազմի շեմին: Սակայն, միևնույն ժամանակ, ըստ նույն այդ գնահատականների, խնդիրներն անլուծելի չեն, և այնուամենայնիվ կողմերին կհաջողվի խուսափել հարաբերություններում շատ ավելի սուր զարգացումներից:
Իրանն աշխատում է Հայաստանի հետ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Թեհրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Սա նրանց երկրորդ հանդիպումն էր Նյու Յորքում ավելի վաղ կայացած շփումից հետո, որի ընթացքում գլխավորապես քննարկվեցին, ըստ պաշտոնական աղբյուրների, «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը, Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը:
Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադամիի գլխավորությամբ: Այցի նպատակը ՀՀ պատկան մարմինների հետ Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենաների համար ստեղծված դժվարություններն ուսումնասիրելն է: «Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Տաթևի շրջանում: Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի այդ ճանապարհով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները hնարավորինս շուտ բնականոն հուն մտնեն: Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- նշել է Խադամին:
Փոխնախարարի խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման հարցում: Նա հույս է հայտնել, որ հարավային մասում ճանապարհի շինարարության աշխատանքը շուտով կմեկնարկի: Իրանի դիվանագետները ևս ակտիվ աշխատանք են իրականացնում բոլոր համապատասխան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Ինչո՞ւմ է մեղադրում Թեհրանը Բաքվին
Արարատ Միրզոյանին ընդունելուց հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվեց Մոսկվա: Մինչ դա, նա ներկայացրեց Թեհրանի ակնկալիքները Մոսկվայից. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ»:
Ավելին, նա նաև ակնկալիք էր հայտնել, որ Ռուսաստանը նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ։ Մի փոքր պարզաբանենք՝ Թեհրանը Բաքվին մեղադրում է իր սահմանների մոտ իսրայելական զինտեխնիկա, մասնավորապես՝ խոսքն իսրայելական ռադիոլոկացիոն կայանների մասին է, և ահաբեկիչներ տեղակայելու մեջ, ինչը խիստ վրդովվեցրեց Ադրբեջանի նախագահին, ով Թեհրանից նույնիսկ ապացույցներ պահանջեց: Սակայն հրապարակային մեղադրանքները ոչ միշտ է, որ կապ ունեն իրականության հետ: Շատ փորձագետներ, որոնց հետ «168 Ժամ»-ն անընդհատ զրուցում է, գտնում են, որ Իրանը ադրբեջանական խաղաքարտն օգտագործում է իր ներքին և Արևմուտքի հետ խնդիրների լուծման նպատակով, որոշները կարծում են՝ խնդիրն իրականում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, որոշները կարծում են՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի ռազմական աճող ներկայությունն Ադրբեջանում, այսինքն՝ ընդհանուր առմամբ Իրանը դժգոհ է 44-օրյա պատերազմի բոլոր հետևանքներից, որոնք ջրի երես դուրս եկան Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության հակաիրանյան գործողություններից հետո:
Իրանն Ադրբեջանի համար փակում է օդային սահմանը, Հայաստանը՝ բացում
Թեհրանն ու Բաքուն փոխանակվում են թե բավականին կոշտ, սպառնալիքներով լի հռետորաբանությամբ, թե քաղաքական քայլերով: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ՝ Բաքվում փակվել է Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Մյուս կողմից Իրանը փակել է իր օդային տարածքն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար՝ Իրանը ադրբեջանական կողմին արգելել է օդային ճանապարհով զինամթերքի մատակարարումը դեպի Նախիջևան: Սրան զուգահեռ՝ որքան էլ տարօրինակ է՝ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Նախիջևան հասնելու համար սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը: Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Թշնամական ինքնաթիռին հենց այսօր և հենց նման ուղղությամբ Հայաստանի օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը»:
Փաշինյանը դեռ 2018-ին կանխատեսում էր հայ-իրանական սահմանի փակում
Այստեղ հարկ է հիշեցնել, թե ինչ էր ասում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են։ Իրանի հետ սահմանի հնարավոր փակման մասին ուշագրավ հայտարարություն արել էր Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականի նոյեմբերին 1-ին, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ, կարծես համոզելով, թե որքան կարևոր է այդ կարգավորումը: Նա նշել էր, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո փակվել է ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով:
Իրանի կոշտ ուղերձները Մոսկվայում՝բոլոր խաղացողների համար
Վերադառնալով Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցին, ապա ամենաուշագրավը նրա հարավկովկասյան ուղերձներն էին՝
- Տարածաշրջանը, իհարկե, այլևս չի հանդուրժի անհամաչափ պահանջներ,
- Իրանն այս գոտում տիրող իրավիճակի շուրջ ունի մի շարք անհանգստություններ,
- Իրանը, իհարկե, չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական և քարտեզի փոփոխությունները,
- Իրանը լուրջ անհանգստություն ունի ահաբեկիչների, սիոնիստների ներկայության վերաբերյալ այս տարածաշրջանում:
Իրանը, ըստ էության, փորձելով իր շահերը պաշտպանել, այսօր անուղղակիորեն հայամետ դիրքորոշում է որդեգրել: ԻԻՀ և ՀՀ շահերը համընկնում են, սակայն հայտնի չէ, թե այդ համագործակցությունն ինչպես կկառուցվի ի շահ Հայաստանի Հանրապետության:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Իրանի խնդիրը մեկն է ու գլխավորը, որոնց ֆոնին մնացած բոլոր թեմաներն Իրանի համար հարակից, իրավիճակից բխող խնդիրներ են:
Ըստ նրա, Իրանը հասկացել է, որ այս ուղղությամբ իր չեզոքությունը հանգեցրեց նրան, որ Իրանը դուրս մղվեց տարածաշրջանը վերահսկող երկրների ցանկից, էապես մեծացավ Թուրքիայի ազդեցությունը, իսկ ՌԴ-ն ուներ արդեն ավանդաբար իր հասանելիք ազդեցությունը, որը պահպանվեց, սակայն Թուրքիան հավելյալ ազդեցություն ստացավ Հարավային Կովկասում, ինչպես նաև այն երկրները, որոնք այս հարցում աջակցել էին Ադրբեջանին, և Ադրբեջանը շարունակում է այդ երկրների հետ իր ռազմական կապերը խորացնել:
Լուկիանովի կարծիքով, այդ հավելյալ ազդեցությունը, պատերազմում հաղթանակը ենթադրում է, որ Թուրքիայի շահերն են առաջին պլան գալիս, անտեսվում՝ մյուս խաղացողների շահերը:
«Իսկ Իրանի համար հայկական ուղղությունը կենսական ուղղություն է, դրանում որևէ նորություն չկա: Ներկայումս Իրանը վերաձևում է կամ փորձում է վերաձևել իր քաղաքականությունը տարածաշրջանային նոր իրավիճակում և նոր աշխարհակարգում: Սա բնական է, որ հեշտ գործ չէ, անցնցում չէ, քանի որ այն, ինչ տարածաշրջանում տեղի ունեցավ անցյալ տարի, և այն, ինչին հասան Ադրբեջանը, Թուրքիան, երկար էին սպասել, իրերի ներկայիս դրությունը փոխելու փորձերը, բնականաբար, դժգոհությամբ են ընդունվում: Ինձ թվում է, որ բախումից կխուսափեն, նման բաներ եղել են Բաքվի հետ հարաբերություններում»,- ասաց նա:
Լուկիանովի կարծիքով, Մոսկվան զգուշավոր է, փորձում է չմիջամտել և հասկանալ, թե երբ է թուլանալու լարումը, թե ինչպես է տրամադրված Թեհրանը Արևմուտքի, Մոսկվայի հետ հարաբերությունների ուղղությամբ:
«Դրականն այն է, որ խոսվեց վեցակողմ հարթակը ձևավորելու մասին, որը կարող է օգնել լուծել նման իրավիճակները, խուսափելով առճակատումից: Սակայն ներկայումս իրավիճակն անհանգստացնող է, հավելյալ սուր քայլեր կլինեն»,- ասաց նա: