Համաշխարհային բանկը բարելավել է Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը 3,2 տոկոսից մինչեւ 4,3 տոկոս բարելավել է 2021 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: Այդ մասին ասվում է կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսության վերաբերյալ զեկույցում։
«Տնտեսությունը (Ռուսաստանի) պահպանվում է ավելի վաղ ներքին պահանջարկի վերականգնմամբ եւ էներգակիրների գների բարձրացմամբ:
Բարելավված կանխատեսումը նաեւ արտացոլում է լրացուցիչ, թեեւ աննշան, ֆիսկալ աջակցությունը»,-նշվել է մամուլի տեղեկագրում:
Միեւնույն ժամանակ ռուսաստանյան ՀՆԱ-ի աճի 2022 թվականի կանխատեսումը վատացվել է՝ 3,2 տոկոսից մինչեւ «այնուամենայնիվ կայուն» 2,8 տոկոս, իսկ 2023 թվականի համար՝ 2,3-ից մինչեւ 1,8 տոկոս: Զեկույցի հեղինակներն իրենց որոշումը պարզաբանել են պահանջարկի ակնկալվող կայունացմամբ եւ արդյունաբերական հումքի գների նվազմամբ:
Բացի այդ, ինչպես կարծում են մասնագետները, ՕՊԵՔ+-ի կողմից նավթի հանույթի սահմանափակումների աստիճանաբար թուլանալու պատճառով Ռուսաստանի իշխանությունները կվերադառնան բյուջետային կանոնին: Համաշխարհային բանկում այն կարծիքին են, որ Ռուսաստանի տնտեսության աճի հեռանկարի վրա ազդում են աշխարհաքաղաքական լարվածության էսկալացումը, ներառյալ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2021 թվականին, պատվաստման ոչ բավարար տեմպերը եւ ԿԲ-ի հանգուցային դրույքի մակարդակի բարձրացումը ռեկորդային ցածր ցուցանիշներով:
Տնտեսության զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսումը բազային վարկածով ենթադրում է ընթացիկ տարում Ռուսաստանի տնտեսության աճ 4,2 տոկոսով, 2022-2023 թվականներին՝ 3 տոկոսի մակարդակով:
Գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովն ավելի վաղ ասել է, որ առաջիկա տարիներին 3 տոկոս ապահովելը թույլ կտա ներքին սպառումը եկամուտների մակարդակի բարձրացման, ներդրումային ցիկլի գործարկման եւ երկրի արտահանական պոտենցիալի զարգացման հաշվին: Կանխատեսման պահպանողական տարբերակով 2021 թվականին դինամիկան պետք է կազմի 3,9 տոկոս, 2022-2024 թվականներին՝ 3 տոկոսից ցածր:
Հոկտեմբերի 5-ին ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովը չի բացառել, որ տնտեսական աճի տեմպերը 2021 թվականի արդյունքներով կարող է գերազանցել կառավարության կանխատեսումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: