Կոնկրետ ե՞րբ. Պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները՝ առաջիկա տարիներին նոր գործարան բացելու խոսակցությունների մասին
«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն Հանրային հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ Հայաստանում նախատեսում են պղնձաձուլարան կառուցել:
«Ժամանակակից ձուլարանը բավականին խոշոր և ծախսատար նախաձեռնություն է, որը մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի ներդրում է պահանջում, և դրա տեղը դեռ պետք է ընտրենք կառավարության հետ միասին: Բավականին բարդ է՝ սեյսմիկ անվտանգության, բնապահպանական, տրանսպորտի խնդիրներ կան: Գործը շատ մեծ է, աշխատանքը նոր ենք սկսում, չենք կարող ասել, թե որտեղ կլինի այն: Բայց որոշումը կայացված է, մենք ձուլարան ենք կառուցելու: Սա անհրաժեշտ է, այլապես Հայաստանը մրցունակ չի լինի հումքի և խտանյութի վաճառքի շուկայում»,- մանրամասնեց Ռոման Տրոցենկոն:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր այս ընթացքում տարբեր աշխատանքներ են կատարում, որպեսզի օրվա հացը կարողանան գնել, այս լուրից այնքան էլ չեն ուրախացել, ասում են՝ մի տեսակ չեն հավատում:
«Ընկերության տնօրենն ասաց, որ առաջիկա տարիներին կբացվի պղնձաձուլարանը: Կոնկրետ ե՞րբ, այ դա չեն նշում: Կարող են, չէ՞, հստակ ասել՝ գործարքներն այսքան ժամանակահատվածում ավարտում ենք և մեկ տարի հետո սկսում ենք պղնձաձուլարանի կառուցումը: Եվ հետո այսօր խոսում են պղնձաձուլարանի կառուցման մասին, բայց խոսակցություններ կան Թեղուտի հանքավայրի փակման մասին: Կարծես թե այդ նույն «Գեոպրոմայնինգ» ընկերությունն է գնում։ Պատկերացնո՞ւմ եք, Ալավերդու պղնձաձուլարանը, երկու տարի է, ինչ չի գործում, մի քանիսը «Թեղուտում» են աշխատում, մյուսներն էլ՝ այլ տեղեր, թողել, Ալավերդիից դուրս են եկել: «Թեղուտի» հանքավայրն էլ եթե փակվեց, Ալավերդին դառնում է ամայի տարածք: Չենք ուզում այս խոսակցություններին հավատալ: Թող պղնձաձուլարանն էլ կառուցեն, ժողովուրդը կարողանա աշխատել»,- մեզ հետ զրույցում նշեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխաակիցները:
Նրանք նաև չեն ընդունում այն, որ բնապահպանական խնդիրներից ելնելով՝ փակվեց պնձաձուլարանը:
«Մեր պապերն աշխատել են Ալավերդու գործարանում, հետո՝ հայրերն ու մենք: Փառք Աստծո, բոլորս էլ առողջ ենք»,- նշեցին նրանք:
Հիշեցնենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա։