Դասախոսական աշխատակազմի մոտ 30 տոկոսն արդեն պատվաստվել է, մյուսների ՊՇՌ հետազոտության գումարի մի մասը կփոխհատուցի ԵՊՀ-ն
Ինչպես հայտնի է՝ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թվականի հրամանով ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որով սահմանվում է, որ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքը սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
Այսինքն՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորության 14-օրյա հաշվարկը սկսվում է հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 2-ից: Առղջապահության նախարարության փոխանցմամբ՝ ՊՇՌ հետազոտության արդյունքն աշխատողները կարող են ներկայացնել հոկտեմբերի 14-ից:
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նոր հրաման է ստորագրել:
ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2021թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։
«Մենք պայմանավորվածություն ունենք ձեռք բերված, համաձայն որի՝ թեստի արժեքը 6000 դրամ է, որից 3000 դրամը ԵՊՀ-ն է վճարելու: Այսինքն, 50 տոկոս փոխհատուցում ենք: 3000 դրամ՝ յուրաքանչյուր թեստի համար, ամիսը երկու անգամ»,- մանրամասնեց Ազնիվ Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ դասախոսական աշխատակազմի մոտ 30 տոկոսն արդեն պատվաստվել է, իսկ ովքեր չեն պատվաստվում, իրենք նման նախաձեռնությամբ են հանդես եկել, որովհետև կան տարեց դասախոսներ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, և այլն: