Տարածաշրջանը՝ փոփոխությունների սպասման մեջ. մինչև ո՞ւր կհասնի Թեհրան-Բաքու լարվածությունը
Հայաստանի Հանրապետության կենսական շահերի շուրջ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի միջև պայքարն իր գագաթնակետին է հասնում: Վերջին շաբաթների ընթացքում ուշագրավ ռազմաքաղաքական տարաբնույթ ուղերձների, այցերի, պայմանավորվածությունների պակաս չկա, որի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետությունն է:
Մինչ Թեհրանն ու Բաքուն վերջին տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների լարման ամենաբարդ ու վտանգավոր փուլն են ապրում, փոխանակվում ամենատարբեր թե ռազմական, թե քաղաքական մեսիջներով՝ ելույթներով, զորավարժություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իրանում է՝ իր իրանցի գործըկերոջ հետ հանդիպման և բանակցությունների նպատակով, թեև ՄԱԿ ԳԱ նստաշրջանի կուլիսներում հանդիպել էր նրա հետ: Ի դեպ, նույն այս հարթակում հանդիպման շրջանակում Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել Թեհրանում Բաքու-Թեհրան-Անկարա հանդիպում անցկացնելու մասին, սակայն դեռ չկա հստակություն նման հանդիպման անցկացման վերաբերյալ:
Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը զուգահեռ՝ ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին հայաստանյան պաշտոնյաների հետ: Ի դեպ, օրերս էլ դեսպանը Երևանում հանդիպել էր Արարատ Միրզոյանին, քննարկելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը, այդ թվում` իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» մայրուղու աշխատանքները։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ այս փուլում, երբ թուրք-ադրբեջանական եղբայրությունը ցանկանում է օր առաջ կյանքի կոչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը հարվածում է Իրանի տարածաշրջանային մի քանի կենսական շահերին, և երբ Հայաստանի շուրջբոլորը մասշտաբային զորավարժություններ են՝ անընդհատ բնույթի, Հայաստանի Հանրապետությունը հարևանի Իրանի հետ քննարկելու շատ հարցեր ունի, այլ հարց է, թե ինչպես, ինչ հարցեր, ինչ բովանդակությամբ ու որակով կքննարկվեն:
Ուշագրավ հանգամանքը, որը չի վրիպել Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունից, այն է, որ Իրանն առաջին անգամ Ադրբեջանին սահմանակից շրջաններում իրականացնում է երկրի Զինված ուժերի լայնածավալ «Խեյբարի ազատագրողները» անվանումը կրող զորավարժությունները։ Իրանի Պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին կարծում է. «Կասկած չկա, որ իրանցի ժողովրդի թշնամիներին, անխոհեմ գործողությունների դեպքում, ջախջախիչ հարված կհասցվի, և նրանք ծանր գին կվճարեն նման քայլերի համար»։ Կիրակի օրը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ևս կարևոր ուղերձներ հղեց, նշելով, որ երկրի հյուսիս-արևմուտքում վերջերս ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց տարածաշրջանում օտարերկրյա ուժերի միջամտության և ռազմական ներկայության: «Մենք թույլ չենք տա, որ այլ ուժեր միջամտեն»,- ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը:
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Նախիջևանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանաթուրքական համատեղ ռազմամարտավարական զորավարժությունները, որը վերջին շաբաթների ընթացքում թվով վեցերորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է տարածաշրջանում:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իսկապես տարածաշրջանի շուրջ մեծ խաղը շարունակվում է, որում նորովի է ներկայանում Իրանը, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը մոտեցել են իր շահերի գոտուն: Ըստ նրա, այստեղ խնդիրը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Թուրքիան, որը, այդ թվում՝ Ադրբեջանում և Ադրբեջանի միջոցով, մեծացնում է իր ազդեցությունն Իրանի հարևանությամբ: Այդ պատճառով, նրա կարծիքով, այլ ուժերի չմիջամտության հարցն իրանական մեսիջներում հաճախ ենք լսում, թեև միակ դեռևս անհասկանալի անդրադարձն Իսրայելին է, որը երևի թե ապագայում կհասկանանք:
«Հիշեցնեմ, որ Իրանը Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում ևս ցանկանում էր որոշակի դերակատարություն ունենալ, պատրաստել էր կարգավորման փաթեթ և դրանով շրջում էր տարածաշրջանի երկրներով, այնուամենայնիվ չկարողացավ այդ հարցում որևէ հաջողության հասնել: Իսկ հիմա հասկանալի է, որ Իրանի հարևանությամբ, Նախիջևանում հաճախակիացել են զորավարժությունները, կա կոնկրետ հետպատերազմյան պայմանավորվածություններ, Գորիս-Կապան ճանապարհին է ստեղծվել Իրանի համար տհաճ իրավիճակ, ուստի Իրանը փորձում է մասնակից դառնալ գործընթացներին: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ լարվածությունը խորանում է, և դա նաև երկրների ներսում է տեղի ունենում ադրբեջանամետ և իրանամետ շարժումների տեսքով:
Նախկինում էլ բազմիցս խոսվել է այն մասին, որ Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունեն, և մի կայծ է հարկավոր, որպեսզի դրանք նոր թափով գլուխ բարձրացնեն և վտանգավոր մասշտաբների հասնեն: Այս պահին դժվար է ասել՝ որքանով է վտանգավոր, սակայն ցանկանում եմ նաև նշել, որ այս ամենը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում․ նշեմ նաև, որ որոշակի ուղերձներ է հղում նաև ԱՄՆ-ը՝ աջակցելով հայաստանյան դիրքորոշմանը երկու ուղղությամբ, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին է ակտիվություն ցուցաբերում, Ֆրանսիայում են բարձրացնում Ղարաբաղի կարգավիճակի և անկախության ճանաչման հարցը: Այսինքն՝ կան մի քանի կարևոր գործընթացներ, որոնք, բնականաբար, հանգեցնելու են տարածաշրջանի համար կարևոր փոփոխությունների, թե ինչպիսի, դեռ դժվար է ասել, քանի որ գործընթացը գնում է»,- ասաց Տարասովը:
Մեզ հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին նշեց, որ տարածաշրջանում վտանգավոր լարվածություն կա:
«Հուսանք, որ այս ամենն ավարտվելու է պարզապես մկանների ցուցադրմամբ, ինչը հասկանալի է, թե ինչու է արվում: Իրավիճակը չափազանց պարզ է՝ իրանադրբեջանական լարվածության համար մշտապես եղել են ներքին ու արտաքին պատճառներ: Հիշենք՝ Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահի խոսքն ինչպես ընկալվեց Իրանում, և ամենաբարձր մակարդակով դրան ինչպես արձագանքեցին: Յուրաքանչյուր երկիր պայքարում է իր շահերի համար: Կարծում եմ՝ Իրանն իր հերթին՝ ձգտում է աշխարհաքաղաքական հնարավորությունների ընդլայնման, և դա բարդ է, հաշվի առնելով այն փաստը, թե տարածաշրջանն ինչպես է փոխվել պատերազմից հետո: Ոչ բոլոր երկրներն են համակերպվում իրերի դրության հետ, հատկապես, երբ այդ փոփոխությունները դեռ գնում են, և ամենաուշագրավը տարածաշրջանի ճանապարհներն են: Այստեղ քննարկելու հարցեր ունի Իրանը, Վրաստանը և մյուսները: Յուրաքանչյուրն իր գործիքակազմով է փորձում աշխատել տարածաշրջանում: Այս դեպքում Վրաստանն իր դիվանագիտությունն է ակտիվացրել Երևանի և Բաքվի միջև, իսկ Թեհրանը՝ նաև ուժը»,- ասաց նա: