Կոնֆլիկտում կա թուրքական ներգրավվածություն. դա զեկույցի վերնագրում չի արտացոլվել. Սիրանուշ Սահակյան

2021թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև: Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում հավաքագրած տեղեկությունների հիման վրա համանուն զեկույցը պատրաստել էր իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը։ Զեկույցն ու բանաձևն անդրադառնում են զոհերի ու վիրավորների, ռազմագերիների ու անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև՝ պատերազմական հանցագործություններին։

«ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու  հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ՄԻԵԴում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն ու Նախարարների կոմիտեն դիտարկում են  այնպիսի ձևաչափեր, որոնք գերիների վերադարձի լուծման կամ դրական տեղաշարժի հարցում կարող են նպաստ ունենալ, սակայն պետք է ֆիքսել, որ դրանք քաղաքական հարթակներ են՝ իրենց հատուկ դրական և բացասական կողմերով: Դրական կողմն արագ արձագանքի ապահովումն է, իսկ հիմնական բացասական կողմը հարցի օբյեկտիվ լուսաբանում չապահովելն է:

«Այստեղ իրավունքը և քաղաքականությունը բախվում են և այդ մեծ բախումներում մեծապես պահպանվում են մեծ քաղաքականության շահերը: Եթե մենք ուշադրություն դարձնենք զեկույցի վերնագրին, ապա արդեն իսկ որոշակի ընտրողականություն կնկատենք: Նպատակային կերպով նշված է «մարդասիրական խնդիրներ», և վստահ եմ, որ զեկուցողները և քվեարկողներն ունենալու են իրենց բացատրությունը, թե ինչու չեն արձագանքել ուժի կիրառման օրինականությանը, քանի որ ի սկզբանե նպատակ է դրվել անդրադարձ կատարել ավելի չեզոք խնդիրներին, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են: Բայց իրավական ավելի լուրջ խնդիրներ, ի սկզբանե, վերնագրման արդյունքում դուրս են մնացել քննարկման շրջանակից: Եվ եթե տեսնեք՝ «մարդասիրական խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտում», մինչդեռ մենք շատ լավ գիտենք, որ ի սկզբանե կոնֆլիկտը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջան, այլ հարց է, որ Հայաստանն ունեցել է և ունի հատուկ հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, երաշխավոր է և որպես երաշխավոր պետք է ներգրավվեր և փաստացի ներգրավվածություն է ունեցել կոնֆլիկտին:

Սակայն նույն տրամաբանությամբ մենք կոնֆլիկտում ունենք թուրքական ներգրավվածություն՝ տարբեր ճանապարհներով՝ թե՛ վարձկանների միջոցով, թե՛ օդուժի կառավարման, սակայն զեկույցը չի վերնագրվել «կոնֆլիկտ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև»:

Այսինքն մենք՝ հաշվի առնելով, որ այս գործընթացներն իրականացվել են քաղաքական մարմնի կողմից, քաջ գիտակցում ենք, որ քաղաքական նկատառումներն արտացոլված են այս զեկույցում, և հիմնական քաղաքական նկատառումը, որ եղել է և դեռևս պահպանվում է Եվրոպայի խորհրդի շրջանակում, հարաբերականորեն հավասարության նշան դնելն է կողմերի միջև»,- նշեց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից իրենք մեծապես ապավինում են դատական կառույցներին, որովհետև նրանք ունեն անկախության ավելի մեծ աստիճան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս