Զեկույցը ենթադրում է բանաձև, իսկ դա՝ ինչ-որ պարտավորություն, որ հետագայում կատարվի. Դավիթ Ամիրյան

2021թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև: Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում հավաքագրած տեղեկությունների հիման վրա համանուն զեկույցը պատրաստել էր իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը։ Զեկույցն ու բանաձևն անդրադառնում են զոհերի ու վիրավորների, ռազմագերիների ու անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև՝ պատերազմական հանցագործություններին։

«ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու ու հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը խուսափեց զեկույցը հայանպաստ կամ ոչ հայանպաստ, ադրբեջանանպաստ կամ ոչ ադրբեջանանպաստ որակել: Դավիթ Ամիրյանի խոսքով՝ չնայած ՀՀ պատվիրակությանը հաջողվել է որոշ դրույթներ փոխել, որոշակի ձևակերպումներ մեղմել, բայց զեկույցում շատ հարցերի շուրջ հավասարության նշանը մնացել է:

«Զեկույցը ենթադրում է բանաձև, բանաձևը ենթադրում է ինչ-որ պարտավորություններ, որ հետո պիտի Եվրոպայի խորհուրդը ստիպի պետություններին կատարել և ինչ-որ հետևանքներ պիտի ունենա: Դրանով է կարևոր, որ այն լինի օբյեկտիվ և ճշմարիտ, որպեսզի դա հետագայում օգտագործվի նույն Եվրոպայի խորհրդում… Օրինակ՝ տարածքների հետ կապված, բնակչության՝ վերադառնալ չկարողանալու հետ կապված, դրանք եթե նշվում են, ուրեմն պիտի նշվեին ամբողջությամբ և պիտի նշվեին այնպես, որ մենք հետո կարողանայինք դրանց հղում անելով՝ փորձել գտնել լուծում: Այստեղ նշվում է, որ բնակչությունը չի կարող վերադառնալ, բայց պիտի նշվի՝ ինչո՞ւ չի կարող վերադառնալ»,- ասաց Դավիթ Ամիրյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրենի խոսքով՝ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չքվեարկեցին զեկույցի օգտին, կարելի է մեկնաբանել նաև այլ կերպ՝ «դե, մեզ չի հետաքրքրում, մեկ է, անելու ենք այն, ինչ անելու ենք», կամ «լավ ենք արել՝ արել ենք»: Ըստ Ամիրյանի՝ տարիներ անց պատմությունը կտա գնահատական՝ արդյո՞ք զեկույցը հայանպաստ էր, թե՞ ոչ:

«Ես կարծում եմ, որ մենք պիտի արձանագրենք մեր հաջողությունները, մենք պիտի արձանագրենք մեր պատվիրակության կատարած աշխատանքը և մեր հաջողությունները, բայց մենք նաև պիտի հասկանանք, ու եթե նայենք 100 տարվա կտրվածքով, 100 կամ 150 տարի առաջ, երբ մեր պատգամավորները գնացել էին Եվրոպա ու հետ են եկել ինչ-որ հաջողությամբ կամ անհաջողությամբ, երևի պետք է հիմա այդ ամեն ինչը դիտարկել մեծ պատկերի մեջ, հասկանալ՝ մեր գործողությունները որոնք պետք է լինեին: Դա պե՞տք է լիներ մենակ խորհրդարանի պատվիրակության աշխատանքը, թե՞ պետք է իրենք հրավիրեին բոլոր հնարավոր փորձագետներին ու ասեին՝ «ժողովուրդ, քարը թափում ենք փեշներիցս, նստում ենք բոլորով՝ անկախ նրանից՝ իրար սիրո՞ւմ ենք, թե՞ չենք սիրում, որովհետև ԵԽԽՎ-ում նման բանաձև է քննարկվում, և անում ենք սա»: Սրանք հարցեր են, որոնք մենք պիտի փորձենք գնահատել ոչ թե հենց այս օրվա տեսակետից, այլ հետ գնանք 100 տարի ու նայենք գոնե առնվազն 20 տարի առաջ, որպեսզի հասկանանք՝ մեր գործողությունները որոնք են լինելու»,- ասաց Դավիթ Ամիրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս