«Խայտառակ ապօրինությունների մասին ենք լսում քաղաքական որևէ ենթատեքստ չունեցող իրավիճակներում». Ռուբեն Մելիքյան

Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խորհրդարան էին հրավիրել իրավաբանների՝ քննարկելու իրենց հուզող մի շարք օրենքներ, հրամաններ, իրավական ակտեր: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով վիրավորանքի քրեականացման մասին օրենսդրական դրույթին, ասաց, որ իրավական տեսանկյունից դժվար է չհամաձայնել, որ այստեղ կա հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ:

«Եթե չեմ սխալվում, ներկայումս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ժամանակին նույնպես քրեական հետապնդման է ենթարկվել վիրավորանքի համար: Այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլև բարոյական կողմն են կասկածի տակ դնում, քանի որ մի բան, որի դեմ դու պայքարել ես, հիմա բերում ես, դարձնում ես նորից դագանակ»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանը վերջին օրերի իրադարձությունների օրինակի հիման վրա գնահատեց, որ ոստիկանները չարաշահում են «օրինական պահանջի» ինստիտուտը:

«Ոստիկանության ծառայողը, օգտվելով «օրինական պահանջ» ներկայացնելու ինստիտուտից, ներկայացնում է ակնհայտ անօրինական պահանջ, որը չի կատարվում, երբեմն՝ նաև անիրագործելի պահանջ, օրինակ՝ դադարեցնել հավաքն այն դեպքում, երբ հավաք գոյություն չունի, ինչից հետո  անձի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, վարչական վարույթ է հարուցվում, անձը ազատությունից զրկվում է, և այլն: Այս գործիքը  լրջորեն չարաշահվում է մեր երկրում, դարձել է մի գործիք, որը հնարավորություն է տալիս ոստիկանությանն իր համար ոչ ցանկալի ցանկացած մարդկանց խմբի հեռացնել ցանկացած վայրից»,- ասաց Մելիքյանը:

Նա առաջարկեց խորհրդարանական ընդդիմությանն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և պատասխանատվության գործուն միջոցներ սահմանել ոստիկանության այն ծառայողների նկատմամբ, որոնք «ակնհայտ ապօրինի պահանջ են ներկայացնում»:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ մեր հասարակության մի հատվածի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե գործող իշխանություններն ապօրինություններ իրականացնում են միայն իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ:

«Իրականությունը լրիվ հակառակն է: Վերջին շրջանում բազմաթիվ օրինակներ ենք լսում, որտեղ խայտառակ ապօրինությունների մասին ենք լսում քաղաքական որևէ ենթատեքստ չունեցող իրավիճակներում՝ քրեական, վարչական, տարբեր այլ հարթություններում: Կուզեի բարձրաձայնել մեկի մասին. պատկերացրեք՝ մարդն 9 ամիս կալանքի տակ է ավազակության մեղադրանքով այն պայմաններում, երբ կա հստակ ձայնագրություն, որտեղ երևում է անձի ձեռքը, ձեռքին առկա է դաջվածք, իսկ այն մարդու ձեռքին, որը կալանքի տակ է, դաջվածք չկա»,- պատմեց Մելիքյանը և խնդրեց ընդդիմությանն ուշադրություն դարձնել նաև այս խնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս