Անձի նկատմամբ կատարված միջամտությունները, ներառյալ՝ պատվաստումը և թեստ հանձնելը, բժշկական գաղտնիք են. Նարինե Բեգլարյան

Ընդամենը մեկ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարար, մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանի հրամանը, որի համաձայն՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք պատվաստումը տվյալ անձին հակացուցված է լինելու մասին: Բայց երեկ նախարարը, որ մինչ այս կարծես անտեսում էր մեր երկրի օրենսդրությամբ ամրագրված բժշկական գաղտնիքի մասին դրույթները, ֆեյսբուքյան գրառում էր կատարել ու հիշել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների և դրանց տարածման անթույլատրելիության մասին ու հորդորել քաղաքացիներին, բժշկական կազմակերպություններին ու մամուլի ներկայացուցիչներին զերծ մնալ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելուց: Նախարարի գրառումը բավական զարմանալի է, որովհետև հենց իր արձակած հրամանով են գործատուներին պարտադրելու իրենց ենթակա աշխատակիցներից պահանջել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

«ԿոնցեռնԴիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, ինչպես նաև թեստավորմանը, նշեց, որ նախարարի հրամանի ենթատեքստում, ըստ էության, պատվաստման ու թեստավորման մասին տեղեկությունը բժշկական գաղտնիք է հանդիսանում:

«Մարդու առողջության վերաբերյալ տեղեկատվությունները նրա անձնական տվյալներն են, ըստ էության, և ունեն իրենց մասնավորեցումը, շարունակությունը՝ ավելի խիստ պաշտպանության ռեժիմ, քան սովորական անձնական տվյալները, դրանք որակվում են՝ որպես բժշկական գաղտնիք: Բժշկական գաղտնիքի սահմանումը կարելի է գտնել «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և վերաբերում է պացիենտի առողջական վիճակին, հետազոտություններին, պացիենտի նկատմամբ ցանկացած միջամտությանը: Ըստ էության նույն թեստ վերցնելը համարվում է, մեծ հաշվով, որոշակի առումով բժշկական միջամտություն, որովհետև, երբ լաբորատորիան լիցենզիա է տալիս, միջամտությունների կաբինետ են առանձնացնում և այլն: Այսինքն՝ անգամ այդ թեստ վերցնելու փաստը ինքն իրենով գաղտնիք է հանդիսանում, բնականաբար, նաև արդյունքները, Էլ չենք խոսում նրա մասին, երբ մարդու նկատմամբ կատարվում է այլ միջամտություն, և ինքը ընդունում է որոշակի դեղորայքային բուժում, որովհետև պատվաստումը մեծ հաշվով համարվում է, որ անձը ընդունեց դեղորայքային բուժում»,- ասաց Նարինե Բեգլարյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ բժշկական գաղտնիքի առաջնային պահպանության պարտականությունը կրում են այն հաստատությունները, որտեղ անձը ստանում է բժշկական օգնություն և սպասարկում:

«Այսինքն՝ բժշկական կազմակերպություններին պետք չի հորդորել, ենթադրվում է, որ իրենք բոլորն արդեն իսկ գիտեն իրենց պարտականության մասին և պետք է պահպանեն բժշկական գաղտնիքը, առավելևս զարմանալի է, որ առողջապահության նախարարն է հորդորում բժշկական կազմակերպություններին: Համենայն դեպս վերջին շրջանում բժիշկների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ բժիշկները քաջատեղյակ են բժշկական գաղտնիքին և չեն հրապարակում; Իրենք դրա նշանակությունը հասկանում են, և դա նույնն է, որ փաստաբանները չհասկանան փաստաբանական գաղտնիքի իմաստը»,- նշեց Ն. Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է պատվաստումների ու թեստավորումների մասին նախարարի հրամանին, ապա, ինչպես նշեց փաստաբանը, դրա համատեքստում բացակայում են այն իրավական հիմքերը, որոնց առկայության պայմաններում գործատուն իրավունք կունենա աշխատողից պահանջել և հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում լրացնել աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկությունները:

«Բացակայում է գործատուի համար աշխատողից այդ անձնական տվյալը պահանջելու և ստանալու և հավաքագրելու և մշակելու բուն իրավական հիմքը: Եվ հաջորդ հարցը, որ առաջանում է՝ ի՞նչ պետք է անի գործատուն, եթե աշխատողը հրաժարվի այդ տեղեկատվությունը իրեն հայտնել: Իրականում ոչ մի գործիքակազմ չկա աշխատանքային օրենսդրության տեսանկյունից: Իրավական հիմքերը ես այսօր օրենսդրության մեջ չեմ տեսնում: Գործատուն միայն իր աշխատողի վերաբերյալ օրենքով նախատեսված անձնական տվյալները կարող է հավաքագրել և միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ և պարտադիր են աշխատողի կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Այս առումով գործատուն իրավունքի դաշտից շատ անհարմար իրավիճակում է հայտնվում: Մի կողմից՝ որոշակի պարտադրանք՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու համատեքստում, մյուս կողմից՝ աշխատողներ, որոնք իրականում կարող են որոշել, որ պետք է իրենց իրավունքները պաշտպանեն և, այսպես ասած, չհամաձայնեն նախարարի որոշման հետ, ու ինչպե՞ս է գործատուն պարտադրելու, կամ ի՞նչ գործիքակազմ ունի գործատուն իր աշխատողի նկատմամբ:

Եթե մենք հրամանով սահմանում ենք՝ «վարեք այդ ցանկերը», պետք է սահմանենք, որ՝ «աշխատող, դու էլ պետք է բերես, այդ տեղեկատվությունը տաս գործատուին», ընդ որում, ոչ թե նախարարի հրամանով, այլ օրենքի մակարդակով: Եվ, վերջիվերջո, եթե աշխատողը ո՛չ թեստավորում ունի, ո՛չ պատվաստվում է, գալիս գործատուին ասում է՝ «երկուսն էլ չունեմ», գործատուն էլ այդ աղյուսակն է վարում, ի՞նչ անի գործատուն այդ աշխատողին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար իրավական հիմքեր էլ չկան:

Եթե խոսում ենք բժշկական գաղտնիքի մասին, միանշանակ, որպես անձ, բնականաբար, իմ առողջության վերաբերյալ տեղեկությունը, այն միջամտությունները, որոնք կատարվել են իմ նկատմամբ, իմ բժշկական գաղտնիքն են: Ես կարող եմ համաձայնել, կարող եմ չհամաձայնել այդ գաղտնիքը հրապարակել: Դա Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իմ իրավունքն է: Հակառակ հարկադրանքը պետք է նախատեսված լինի օրենքով և այն նպատակների համար, որ Սահմանադրությունը տալիս է, երբ պետք է տեղեկատվությունն առանց իմ համաձայնության, նկատի ունեմ՝ անհատի, իմ բժշկական գաղտնիքը, իմ անձնական տվյալները ենթակա լինեն հրապարակման: Նման մի շարք դեպքեր նախատեսված են «Բժշկական սպասարկման և օգնության մասին» օրենքում, բայց այդ դեպքերից ոչ մի դեպք չի ենթադրում, որ բժշկական հաստատությունն ազատորեն կարող է, օրինակ, իմ գործատուին հայտնել այդ տեղեկությունը: Չկա կարգավորում, որ գործատուն կարող է ինձ պարտադրել՝ գնալ, այսինքն՝ լաբորատորիայում անցնել թեստավորում, պարտադրի, որ ես 15 օրը մեկ գնամ այդ լաբորատորիան, հետո այդ լաբորատորիան տվյալները տա գործատուին: Չկա նման կարգավորում, լաբորատորիաներն այսօրվա օրենսդրությամբ դրա իրավունքը չունեն, և բնական է, որ չպետք է ունենան:

Եվ այս պայմաններում, երբ մենք չունենք օրենսդրական կարգավորումներ, ես կիրառելիությունը չեմ հասկանում: Բնականաբար, հակազդեցությունները շատ են լինելու… Ես վստահ եմ, որ լավ նպատակ են հետապնդել հրաման գրողները, բայց, ցավոք սրտի, հնարավոր չի լինելու իրագործել: Ինչո՞ւ եմ ասում՝ լավ նպատակ: Լավ նպատակն այն է, որ մարդիկ աշխատում են, որ բնակչությունը առողջական խնդիրներ չունենա, որ բժշկական համակարգը կարողանա սպասարկել, քիչ լինեն հիվանդները, այդ ամենը հասկանալի է: Բայց կարգավորումներն այնպիսին պիտի լինեն, որ այդ նպատակներին հնարավոր լինի հասնել: Այսօրվա կարգավորումների պայմաններում այդ նպատակներին հասնել հնարավոր չի, որովհետև, առաջինը, հենց օրենքի մակարդակով փոփոխություններ կատարված չեն՝ բժշկական գաղտնիքի պաշտպանության տեսանկյունից, երկրորդ՝ կազմակերպչական և ոչ միայն կազմակերպչական գործիքներ տրված չեն՝ կյանքի կոչելու համար առողջապահության նախարարի հրամանը, որովհետև մասնավոր ոլորտում շատ ավելի դժվար է, քան հանրային ոլորտում:

Մասնավոր ոլորտում, այսպես ասենք, ազատ շուկայական հարաբերություններ են, և աշխատողը կարող է ընտրել՝ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները: Իսկ եթե այնպիսի աշխատողներ են, որ գործատուի համար դա ձեռնտու չի, ես ազնվորեն չեմ պատկերացնում: Դա նշանակում է, որ բիզնեսները դժվարություններ են ունենալու իրենց հետագա աշխատանքում և զարգանալու առումով, եթե մարդկային ռեսուրսից շատ կախված են, իսկ մարդկային ռեսուրսը որոշում է, որ ո՛չ պատվաստվում է, ո՛չ թեստ է հանձնում, դադարեցնում է, պարզապես չի գալիս աշխատանքի: Եվ երկրորդ դեպքը կարող է լինել: Եթե գործատուն ընտրում է հարկադրանքը՝ լուծել պայմանագրերը, որպեսզի չընկնի վարչական տույժերի տեղատարափի տակ, ստիպված պետք է աշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության, ինչ-որ հակազդեցության միջոցներ ձեռնարկի, որոնք բոլորն այսօրվա պայմաններում լինելու են ոչ իրավաչափ հակազդման գործիքներ»,- ասաց փաստաբան Նարինե Բեգլարյանը:

Այս համատեքստում Առողջապահության նախարարության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտնում են, որ աշխատողներն ունեն երկընտրանք՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ 14 օրը մեկ անգամ հանձնել թեստ: Մեր զրուցակիցը դժվարացավ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողներին առաջարկվող պայմանները երկընտրանք անվանել:

«Ես կասեի՝ սա հարկադրանք է, սա ուղղակի հարկադրանք է՝ գնալ պատվաստման, որովհետև մենք բոլորս նաև գիտենք աշխատանքային շուկայի և մարդկանց ֆինանսական հնարավորությունների միջին ցուցանիշները, և սա, ինչո՞ւ ոչ, անուղղակի ճանապարհ է ավել հարկ դնելու նաև աշխատողների վրա, որովհետև աշխատողներն իրենց հաշվին պետք է վճարեն այդ գումարները: Ստացվում է, որ գեներացնելու են եկամուտ լաբորատորիաների համար, որոնք էլ այդտեղից վճարելու են հարկերը: Այսինքն՝ այստեղ աշխատողը, կարող ենք ասել, փակուղու մեջ է: Որոշակի առումով սա փակուղի է աշխատողների համար, որի այլընտրանքը, եթե ֆինանսական տեսանկյունից նայենք, կա՛մ պատվաստվելն է, կա՛մ դատական պաշտպանությունը: Հակառակ դեպքում ֆինանսական բեռի ավելացում է լինելու աշխատողի վրա,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով,- հարցերը շատ ավելին են, քան իրավական ակտերը տալիս են պատասխան, բայց այդպես չպիտի լիներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս