Ում հաշվին է կառավարությունն ուզում խնայել բյուջեի փողերը

Դատելով հարկային մուտքերի այս տարվա կատարողականից՝ բյուջեն պետք է որ փողի խնդիր չունենար։ Պաշտոնական տվյալներով՝ եկամուտներն ավելացել են։

«2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել են 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 96 մլրդ դրամով կամ 11 տոկոսով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27 տոկոսով»,- անդրադառնալով հարկային եկամուտների կատարողականին, օրերս այսպիսի հաղորդագրություն էր տարածել Պետեկամուտների կոմիտեն։

Ու չնայած այն բանին, որ հարկային եկամուտներն ավելացել են, ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել 2 կարևոր ոլորտներում։ Խոսքն  առողջապահության ու սոցիալական ապահովության մասին է, որոնց հաշվին հավանաբար կառավարությունը մտադիր է խնայողություններ անել։

Հազար ու մի ճոխություն կարող են իրենց թույլ տալ, բայց երբ հարցը հասնում է այնպիսի ոլորտների, որոնք առավել քան կարևոր են, պարզվում է, որ ֆինանսական խնդիրներ կան։ Եթե դա վերաբերեր իրենց պարգևավճարներին, հիմա հարցը հրատապ լուծել էին։ Իսկ սոցիալական անապահով խավերը թող սպասեն։ Ոչինչ, որ դա կարող է մարդկային կյանքեր արժենալ։

Տարվա ավարտին դեռ շուրջ 4 ամիս ժամանակ կա, բայց արդեն վերջացել են պետպատվերով և արտոնյալ պայմաններով քաղաքացիների բուժման համար հատկացված միջոցները։ Կառավարությունն էլ կարծես մտադիր չէ լրացուցիչ գումարներ տրամադրել։

Մարդիկ ստիպված են հերթ կանգնել՝ մինչև հաջորդ տարվա բյուջեով միջոցներ կհատկացվեն դրա համար։ Դեռ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի, որպեսզի տեղաբաշխեն հատկացված գումարները։ Այդ պարագայում հիվանդները լավագույն դեպքում պետպատվերից կկարողանան օգտվել հաջորդ տարվա փետրվար-մարտից։

Առողջապահության նախարարությունն այնպիսի տոնով է խոսում պետպատվերի գումարների վերջանալու մասին, որ կարծես մի բան էլ քաղաքացիներն են մեղավոր, որ ավելի շատ են դիմել պետպատվերով կամ արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու համար։

Այն իրավիճակը, որին բախվել են հիվանդներն ու առողջապահության համակարգը, նախարարությունը պայմանավորում է հետպատերազմական իրադրությամբ ու դիմելիության ցուցանիշի «ահռելի» աճով։

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ակտիվ դիմելիությունը՝ շատ սպասելի երևույթ է»,- ասում են Առողջապահության նախարարությունից։

Իսկ թե ինչո՞ւ ժամանակին անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել նման իրավիճակից խուսափելու համար, եթե դա սպասելի էր, նախարարությունը պատասխան չունի։

Այս պահին նրանց խորհուրդն այն է, որ պետպատվերի շահառուները կարող են հերթագրվել, որպեսզի անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատություններն ապագայում կատարվեն: Բայց թե դա երբ կլինի, հայտնի չէ։

Եվ ի՞նչ պիտի անեն այն հիվանդները, ովքեր հրատապ բուժման կարիք ունեն։

Պարզ է, որ նրանց մի մասը պիտի փորձի բուժումը ստանալ տարբեր ճանապարհներով։ Իսկ նրանք, ովքեր չունեն այդպիսի հնարավորություն, ստիպված են լինելու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ ոչինչ, որ դա կարող է նաև մարդկային կյանքեր արժենալ։

Որ հետպատերազմյան շրջանում բուժհաստատություններին դիմելիությունը պիտի ավելանար, պարզ էր դեռ անցած տարի։ Պատերազմի հետևանքով շուրջ 10 հազար վիրավոր ունենք, ովքեր այնպես չէ, որ հասցրել են ամբողջությամբ ապաքինվել։ Կառավարությունում ու Առողջապահության նախարարությունում պիտի հասկանային, որ այս մարդիկ դեռ երկար են բուժման կարիք ունենալու։ Ու դրան համապատասխան՝ պիտի պլանավորեին առողջապահության բյուջեն, և ոչ թե՝ այսօր ձեռքերը թափ տային ու ասեին՝ փողերը վերջացել են։

Վերջացել են, ավելացրեք։ Ասում ենք՝ բյուջեի մուտքերը ոչ միայն կատարվել, այլև գերակատարվել են։ Ինչի՞ համար են այդ գումարները, եթե պետպատվերի շահառուները պիտի սպասեն, մինչև հաջորդ տարվա բյուջեով միջոցներ կհատկացվեն։

Հատկապես որ, այս վիճակի մեղավորը ոչ թե հիվանդներն են, այլ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը, որ ժամանակին ճիշտ կանխատեսումներ չեն արել։

Պետպատվերով բուժման համար պետությունը միջոցներ չունի, բայց համավարակի շրջանակներում կառավարությունը կարող է իրեն թույլ տալ բյուջեի հաշվին պատվաստել օտարերկրացիներին։ Օտարերկրացիների պատվաստման համար, պարզվում է, փող կա, բայց սեփական քաղաքացիների բուժման համար չկա։

Որտե՞ղ է տրամաբանությունը։ Հազիվ թե կարելի է գտնել որևէ այլ տեղ, որ այսպիսի վերաբերմունք ցուցաբերեն սեփական քաղաքացու նկատմամբ։ Առավել ևս, որ պետպատվերով կամ արտոնյալ պայմաններով բուժման կարիք ունեցողների մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր կրում են պատերազմի հետևանքը։

Սա՞ է նրանց նկատմամբ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքը։

Առողջապահության համակարգում առաջացած ֆինանսական խնդիրներին անցած օրն ավելացավ ևս մեկը. այս անգամ՝ սոցիալական ապահովության ոլորտում։

«ՀայՓոստը» հաղորդագրություն տարածեց, որ դադարեցնում է կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից հաստատեցին տեղեկատվությունը՝ խոստանալով շուտով լուծել խնդիրը։ Ավելի ուշ եղավ տեղեկատվություն, որ ֆինանսավորումը կատարվել է։

Կասկած չկա, որ եթե չլիներ բարձրացված աղմուկը, ֆինանսավորումն այդքան շուտ չէր բացվի։ Կարևոր չէ, որ կենսաթոշակառուների ու նպաստառուների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր իրենց հացի խնդիրը լուծում են այդ գումարների միջոցով։

Հասարակության խոցելի խմբերի նկատմամբ այսպիսի անտարբեր վերաբերմունքը ոչ մի արդարացում չի կարող ունենալ։ Երբ իրենց պետք է, բյուջեն փողի խնդիր չունի, իսկ երբ հարցը հասնում է սոցիալական խմբերին, միջոցներ չկան կամ վերջացել են։ Սա ի՞նչ պատասխան է, որ տալիս է Առողջապահության նախարարությունը։ Այն էլ մարդկանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել Հայրենիքի համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս