«Խնդրին պետք է տրվի հնարավորին արագ ու կոշտ լուծում, եթե այլ լեզու ադրբեջանցի բաշիբոզուկները չեն հասկանում». Վարդան Ոսկանյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրմանը և իրանցի վարորդներից տուրքեր գանձելուն՝ նշել է, որ Ադրբեջանի այդ գործողություններն ուղղված են իրանական կողմին։

«Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինել Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ: Բայց ես չեմ ուզում քննարկել. իրենք կանգնեցնում են իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատար մեքենաները, գումար են պահանջում, շատ դեպքերում՝ գումարը վերցնում են, կամ գումարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ հաջորդ անգամ կվերցնեն: Դրանք ապօրինի գործողություններ են ըստ իս, որևէ ձևով մինչև հիմա չեն առնչվել հայկական տրանսպորտային միջոցներին և մարդատար փոխադրամիջոցներին։ Իսկ այլընտրանքը մենք անում ենք, որպեսզի նույնիսկ այն դեպքում, որ իրանական բեռնատար մեքենաները կանգնեցնելու և գումար գանձելու խնդիր առաջանա, վարորդները հնարավորություն ունենան շրջանցել այդ հատվածը՝ 3.5 կմ հատվածի մասին է»,- նշել է նա։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությանը և առհասարակ միջադեպի ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նախ նշեց, որ ՀՀ բոլոր տարածքները, այդ թվում՝ Որոտանի այն հատվածը, որտեղ տեղադրվել է ադրբեջանցի բաշիբոզուկների պահակակետը՝ Հայաստանի տարածքի անքակտելի մասն են։

«Որևէ հղում ինչ-որ սովետական շրջանի քարտեզների կամ որևէ անտրամաբանական «փաստարկ», որոնք բերվում են՝ չի կարող փոխել իրավիճակը։ Կարծում եմ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ բավականին մանրամասն անդրադարձ է կատարվել խնդրին, նաև իրավական հիմնավորումների տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Բաքվի բռնապետի գործողությանը, որով փորձ է կատարվում իրանցի վարորդների վրա ճնշումներ բանեցնելու միջոցով ըստ էության խաթարել Հայաստան-Իրան կենսական նշանակության կապը, սա առնչվում է թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին, նաև հաշվի առնելով այն հանգամանը, որ տարածքի վերահսկողությունը որոշ առումով ռուս սահմանապահների պատասխանատվության շրջանակներում է, առաջինը՝ նաև Ռուսաստանին»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի, այս համատեքստում պետք է ընդգծել մեկ կարևոր հանգամանք, որ ադրբեջանցի բաշիբոզուկները գտնվում են ՀՀ տարածքում, ինչն առաջին հերթին հարված է հասցնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, հետևաբար՝ Հայաստանն է, որ առաջին հերթին այդ խնդրով պետք է զբաղվի՝ օգտագործելով իր դաշնակից և բարեկամ Իրանի հնարավորությունները, փորձելով Բաքվի բռնապետի համար առնվազն ստեղծել դիվանագիտական դժոխք։ Իսկ եթե հարցը կպահանջի ուժային լուծում, ապա օգտագործի նաև այդ հնարավորությունը։

«Մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան հաղորդակցությունը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակության առումով, ուստի այս խնդրին պետք է տրվի հնարավորին արագ ու կոշտ լուծում, եթե այլ լեզու ադրբեջանցի բաշիբոզուկները չեն հասկանում»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը լուծվում է ոչ թե այս կամ այն պաշտոնյայի հայտարարությամբ, այլ լուծվում է համապատասխան միջազգային գործընթացներով։ Հետևաբար՝ որևէ հայտարարություն  դրա վերաբերյալ իրավական որևէ հիմք չունի, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։

«Կա մեկ կարևոր հանգամանք ևս՝ Բաքվի բռնապետի բաշիբոզուկները, որոնք հանդես են գալիս նման լկտիությամբ, այդ տարածքում հայտնվել են ոչ թե ռազմական ներուժի կիրառմամբ, այլ բանավոր պայմանավորվածության հիման վրա, ուստի նման հայտարարությունները որևէ հիմք չեն կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրը կարգավորելու տեսանկյունից։

Հայաստան-Իրան հարաբերությունները կենսական նշանակության են, այս մասին բազմիցս ասել եմ։ Երկու երկրների հարաբերությունների համատեքստը ապահովում է մեր երկրի անվտանգության որոշակի բաղադրիչ։ Հետևաբար՝ այդ հարաբերությունները պետք է զարգանան՝ անկախ նրանից, թե ով ինչ է հայտարարում, ինչ մոտեցումներ ունի, այդ հարաբերությունները, զարգացումից բացի, այլ տեսլական չեն կարող ունենալ։

Պետք է աշխատել բացառապես այդ ուղղությամբ, այլ ոչ թե շատ դեպքերում հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք ոչ միայն ականջահաճո են Բաքվի բռնապետի համար, այլև կարող են «խրտնեցնել» մեր գործընկերներին՝ սահմանափակելով նաև նրանց գործողությունները»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս