Սուտն է կործանիչը

Հայերս հանդուրժող ենք ստի նկատմամբ։ Միգուցե պատճառներից է մեր հպարտության առարկա հանդիսացող շուստրիությունը, միգուցե տարբեր տերությունների ու համակարգերի տակ գոյատևելու ճկունությունը, միգուցե այլ գործոններ, բայց փաստն այն է, որ հանդուրժող ենք, ստախոսներին չենք գամում ամոթի սյանը, սուտը համարելով փոքր մեղք։

Դրա համար էլ, երբ Նիկոլը ասում էր, թե օտարերկրյա ներդրողները սպասում են նոր ԱԺ ընտրություններին, ու դրանից հետո Հայաստանը դառնալու է դրախտավայր, թեթև ժպտում էինք ու առաջ անցնում, համարելով, որ ջահելը ոչ թե սուտ է խոսում, այլ պարզապես շատ է ցանկանում Հայաստանը դրախտավայր դարձնել։ Կարգին Հայկոն ասում էր, թե եղած վերելակները լայնացնելու է և Աջափնյակի մետրոն է սարքելու, ծիծաղում էինք, թե՝ Սուպերմամայի հումորներից է։ Արայիկ Հարությունյանն ասում էր, թե Ստեփանակերտի երկինքը պաշտպանված է, ուրախանում էինք, մտածում, թե թշնամուն խաբեցինք-վախեցրեցինք։ Անգամ մարդիկ կան, որ Արծրուն Ստախոսին էին արդարացնում, թե բա՝ զորքի դուխը չկոտրենք։

Մինչդեռ հենց այս սուտն էր մեր աղետի պատճառը։ Հանդուրժելով փոքր սուտը, սովորեցինք նաև մեծ ստին։ Դրա հետևանքով մարդկանց ուղեղները հերկվեցին, դարձան ամուլ տարածքներ, որտեղ Նիկոլը կարող է լցնել ինչ ասես՝ սկսած բանակին մատակարարվող կոռուպցիոն ելակը բարեփոխում համարելուց, մինչև ֆիլմերն այն մասին, թե գերիներին Ռոբերտ Քոչարյանն իր նկուղներում է պահում։

Նիկոլի դեմ պայքարի ամենակարևոր գիծը պետք է լինի ստի դեմ պայքարը, և երբ Էդուարդ Աղաջանյանն ասում է, թե ադրբեջանցիներն իրավունք ունեն անցակետ դնեն, քանի որ դա Սովետական Ադրբեջանի տարածքում է, սուտ է ասում։ Մինչդեռ նա սա ասում է՝ նայելով պատգամավորների ու լրագրողների աչքերին, ավելին, երևի թե հանգիստ էլ տուն է գնում, բարևում է հարևաններին, ու հարևաններն էլ բարևն առնում են, մինչդեռ դիջեյ Էդոյի ոտքերի տակ հողը պետք է վառվեր, նա չպետք է կարողանար քայլել այս քաղաքով։ Այս սուտը արդեն բազմաթիվ ստերի վրա հիմնված սուտ է ու շատ հանգիստ կարող է ճշմարտություն թվալ։ Այս ստի աղբյուրն Ադրբեջանի պաշտոնական լրատվությունն է, որին իշխանավորներն ավելի շատ են հավատում, քան իրենց հայրենակիցներին, ավելին՝ նրանք ստիպում են հայստանցիներին ավելի հավատալ թշնամու ստին, քան թե իրենց տեսածին։ Այս ստի մյուս աղբյուրն այն է, թե մեր ու Ադրբեջանի սահմանը պետք է անցնի ԽՍՀՄ 1990 թ. քարտեզով։ Ոչ ոք չի համաձայնել կամ էլ արտոնել դիջեյ Էդոյին այդ քարտեզի համաձայն վարել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, բայց նա գիտի, որ ինչ սուտ էլ ասի, կկարողանա մատուցել մարդկանց, քանի որ նրանք արդեն բազմաթիվ ստերի շնորհիվ շփոթված են, ապակողմնորոշված և կորցրել են ստին դիմակայելու իմունիտետը։

Բայց դիջեյ Էդոյի երեկվա ասած ամենակարևոր ֆունկցիան այն է, որ այսօր Նիկոլը այն իրավունք ունենա կրկնելու։ Իսկի Նիկոլի ասած սուտը պարզապես սուտ չէ, այլ արդեն պետական-պաշտոնական փաստաթուղթ։

Սա պարզապես մի օրինակ էր՝ ցույց տալու թե ինչպես առաջին հայացքից անմեղ ստից սկսվում է Հայրենիքի դավաճանությունը։ Նույնպիսի «անմեղ» ստերից է սկսվում հինգ հազար երիտասարդի սպանությունը, հողատվությունը, երկրի թալանը, կոռուպցիան և այլն։

Նոր Կտակարանի վերջին՝ Հովհաննես Առաքյալի Հայտնության գրքում (Ապոկալիպսիսում), նկարագրված են այն աղետներն ու արհավիրքները, որոնք ստիպելու են Հիսուս Քրիստոսին երկրորդ անգամ իջնել երկիր՝ խափանելու Սատանայի թագավորությունը։ Կարևոր է, որ իր Հայտնության մեջ Հովհաննես Ավետարանիչը նշում է, որ չարիքի իշխանության դեմ առաջին քայլը լինելու է ստի և բանսարկության դեմ պայքարը. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակի, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ անդունդի բանալին և մի մեծ շղթա։ Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ Բանսարկուն է և Սատանան, և հազար տարով շղթայեց նրան։ Հրեշտակը նրան գցեց անդունդը, կողպեց և կնքեց կողպեքը»։ (Հյտ։ 20։1-3)

Ի դեպ, հատկանշական է, որ Ապոկալիպսիսը, լինելով Աստվածաշնչի կանոնի մեջ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից քիչ մեջբերվող գրքերից մեկն է մնում։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս