«Սպարապետին և այլ անձանց գնահատական տալուց պետք է նախ և առաջ երկար մտածել». Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ պարտադրումը հակառակորդի կողմից չպետք է միակողմանի լինի, Հայաստանը պարտավոր է ինքնուրույն պահպանել իր սահմանները։
Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի հասցեին իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած արտահայտությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանը և մյուս զորահրամանատարներն ունեն անցած ճանապարհ։
«Իրենք արցախյան շարժման հենց սկզբնական փուլից կարողացել են համախմբել մեր ժողովրդին և կարողացել են իրենց ընկերներով, ինչպիսիք, օրինակ, ՀՀ նախագահներն են, մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, պատերազմում հաղթանակ տանել։ Նրանց գործունեության արդյունքը Հայաստան-Արցախ ընդհանուր անվտանգային և տնտեսական համակարգի ձևավորումն էր։ Հայաստանը մեկ անվտանգային գործոն է՝ Արցախի հետ, և այլ, շատ թույլ անվտանգային գործոն է՝ առանց Արցախի։ Հետևաբար՝ առանց մտածելու գնահատական տալ ոչ միայն Սպարապետի, այլև այլ անձանց գործունեությանը՝ տեղին չէ, պետք է նախ և առաջ երկար մտածել, հավասարակշիռ խոսք ձևավորել, դրանից հետո միայն քննադատել մարդկանց»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ, եթե կան ներքին պայմանավորվածություններ, ընդհատակյա, տարբեր բանավոր պայմանավորվածությունները, Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները, և ադրբեջանական անվանումներ տալ հայկական բնակավայրերին, վկայում է, որ այսօրվա իշխանությունները կամաց-կամաց գնում են սահմանազատման։