Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ հասել է 900 դոլարի
Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի նշագծին: Այդ մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները։
Սեպտեմբերի 15-ին արժեքը կտրուկ բարձրացել է միանգամից 12 տոկոսով: Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը, ըստ հոլանդական TTF-ի ինդեքսի, Երեւանի ժամանակով 10:35-ի դրությամբ հազար խորանարդ մետրի դիմաց կազմել է 841,39 դոլար: Ժամը 11:21-ի դրությամբ այն աճել է մինչեւ 851,27 դոլար, իսկ փոքր-ինչ ուշ՝ 11:46-ին, գերազանցել է 875,84 դոլարը: Նախորդ ռեկորդը սահմանվել է սեպտեմբերի 14-ին, երբ արժեքը հասել էր 810 դոլարի:
Եվրոպայում վառելիքի արժեքը շաբաթվա սկզբից ի վեր աճել է 22 տոկոսով, իսկ սեպտեմբերի սկզբից ի վեր՝ գրեթե մեկուկես անգամ. սեպտեմբերի 1-ին գազը սակարկվել է հազար խորանարդ մետրի դիմաց 614 դոլարի մակարդակին: Վերլուծաբանները կարծում են, որ նման դինամիկան պայմանավորված է ԵՄ-ում անցյալ տարի ցուրտ ձմռան պատճառով հումքի ցածր պաշարներով:
Այսպես, սեպտեմբերի 14-ին եվրոպական գազապահեստարանները լցվել էին 70,75 տոկոսով, անցյալ տարի ցուցանիշը կազմել է 93 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են փորձագետները, «Գազպրոմ»-ը չի ցանկանում «Հյուսիսային հոսք-2» մայրուղու գործարկման ֆոնին ավելացնել պոմպամղումը եւ վաճառքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: