Որոտանի այդ հատվածն 9 գյուղերով կանցնի Ադրբեջանին. սպասում են՝ այլընտրանքային ճանապարհը կառուցվի. Տիգրան Վարդանյան

Արդեն մի քանի օր է՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է տեղադրվել, և այդ ճանապարհով Հայաստան մտնող մարդատար և բեռնափոխադրող մեքենաներն ադրբեջանցիները ենթարկում են ստուգման։

Երեկ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որով հայտնեցին, որ, ըստ ադրբեջանական Հարկային օրենսդրության, իրենց տարածք մտնող և այդ տարածքից դուրս եկող մեքենաները պետք է հարկվեն։

Ադրբեջանական կողմի այս հայտարարությունից մեկ օր անց ՀՀ իշխանությունը սրան որևէ պաշտոնական արձագանք չի տվել, ավելին՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը հենակետ է դրել Սովետական Ադրբեջանի տարածքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Տիգրան Վարդանյանն անդրադառնալով հայկական կողմի լռությանն ու իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններին՝ նախ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր անցակետ է տեղադրել ՀՀ-ին պատկանող այն տարածքում, որը որոշ ժամանակ առաջ փակել էր, և բացեց միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ տվեց այս տարածքի ադրբեջանական անվանումը։

«Մենք գործ ունենք կապիտուլյանտ իշխանությունների հետ, որոնք, կարելի է ասել, իրենց քայլերը ձեռնարկում են ի շահ Ադրբեջանի իշխանության։ Իրավունք ունեմ մտածել, որ այս մարդը բանավոր այդ ճանապարհը հանձնել է Ադրբեջանին։ Եթե հիշում եք՝ նա հայտարարեց, որ մենք ունենք գրունտային այլընտանքային ճանապարհ, այնպես որ, Ադրբեջանը սպասում է այդ գրունտային ճանապարհի պատրաստ լինելուն, որպեսզի Որոտանի ճանապարհն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին՝ այդ հատվածի 9 գյուղերի հետ միասին։ Ինձ թվում է՝ իրենք երկխոսել են այս հարցով կապիտուլյանտի հայտարարած ուղիղ կապի միջոցով»,- ասաց Վարդանյանը։

Ըստ նրա՝ մայիսի 13-ից ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի սուվերեն տարածքը, սակայն օրենսդիր և գործադիր իշխանությունը զավթած մարդիկ հասարակությանը մանիպուլյատիվ հնարքներով շեղում են այդ թեմաներից, ու այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն խոսում օկուպացված Հայաստանի մասին։

Վարդանյանի պնդմամբ՝ հենց այս ու Հայաստանի անվտանգությունը խաթարած այլ հարցերն են, որոնք պահանջում են փողոցային պայքարի միջոցով հեռացնել օրվա իշխանությանը։

«Առաջիկայում, ասում են, որ սպասվում է սահմանների սահմանագծում և սահմանազատում. կարծում եմ՝ այդ հարցը ևս դառնալու է փողոցային պայքարի պատճառ»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս