
ՀՀ-ում բանջարեղենի գներն աճել են մոտ 66 տոկոսով. ԿԲ նախագահ

Հայաստանում գնաճը վերջին շրջանում պայմանավորված է նաև սեզոնային ապրանքների գնաճով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ մասնավորապես, բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։
«Գնաճի վրա ազդում է նաև երկու կարևոր գործոն, որոնցից մեկը պահանջարկն է: 2021 թվականի սկզբին մասնավոր սպառումն ավելացել էր 5.9 %-ով այն դեպքում, երբ համախառն ներքին միջոցների կուտակումը նվազել էր 6 %-ով, հետևաբար՝ պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ»,- նշեց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ կա նաև ներքին ծառայությունների գների աճ:
«Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի, այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- շեշտեց ՀՀ ԿԲ նախագահը։
Նա հայտարարեց, որ կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների ազդեցության պահպանում:
Գալստյանը նաև հավելեց, որ ԿԲ-ն 2021թ. համար կանխատեսում է 5.4 տոկոս աճ: