Քանի դեռ քրեական օրենսգիրքն օգտագործվում է քաղաքական հարցեր լուծելու համար, մեր երկրում արդարադատությունը չի կայանա. Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց իր հայտարարությունը
Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է: Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը:
Դատավորի երկրորդ թեկնածուին ներկայացնելուց հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Գագիկ Ջհանգիրյանին խնդրեց ներկայացնել իր դիրքորոշումը կալանքի ինստիտուտի վերաբերյալ՝ հիշեցնելով Ջհանգիրյանին նախկինում հնչեցրած իր իսկ տեսակետը՝ կալանքը չի կարող և չպիտի օգտագործվի՝ որպես պատժիչ գործիք:
«Ցավոք սրտի, մենք այսօր էլ ունենք մի իրականություն, երբ դատարանները կալանքը կիրառում են, առանձին դեպքերում՝ քաղաքական ցուցումներով, առանձին դեպքերում՝ որպես պատժիչ գործիք, և այսօր էլ մեր գործընկերներից 3-ն էլի կալանքի տակ են՝ էլի քաղաքական ցուցումներով, էլի որպես պատժիչ գործիք: Հիմա Ձեր տեսակետը՝ որպես իրավաբան-գիտնականի. որքա՞ն կարող է մեր դատական համակարգը շարունակել այսպես գործել կամ կալանքը որպես ռեպրեսիվ մեքենայի գործիք օգտագործել»,- հարցով Ջհանգիրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«Ուրեմն, ավելին, երբ մենք միասին աշխատում էինք, ես ոչ միայն ասել եմ՝ կալանքն է երբեմն օգտագործվում որպես ճնշման գործիք, այլ նաև այս ամբիոնից մի հայտարարություն ունեմ, լավ հիշեցրիք, որտեղ ասում եմ՝ քանի դեռ քրեական օրենսգիրքն օգտագործվում է քաղաքական հարցեր լուծելու համար, ուրեմն այդ արդարադատությունը մեր երկրում չի կայանա: Ես էլ այսօր այդ կարծիքին եմ: Հիմա շատ լավ է, որ մենք երեկ քվեարկել ավարտել ենք մինչդատական վարույթի վերահսկողության դատավորների քննությունները, և իրենք վաղվանից արդեն Արդարադատության ակադեմիայում դասընթացների են, և երևի հոկտեմբերի 15-20-ից մենք կունենանք արդեն մասնագիտացված դատավորներ՝ և՛ առաջին ատյանում, և՛ վերաքննիչ, որոնք կքննեն ոչ միայն մինչդատական վարույթում խափանման միջոցի միջնորդությունները, այլ նաև 290 հոդվածով որոշումների բողոքարկումները: Եվ ես կարծում եմ՝ այս մասնագիտական դատարանի ներդրումը մեր դատական համակարգը զգալիորեն կբարելավի այդ ոլորտում կայացվող որոշումների օրինականության և հիմնավորվածության խնդիրը: Մնացած հարցերում, կներեք, ոչ կողմ կարող եմ լինել, ոչ դեմ՝ էլի հասկանալի պատճառներով»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը:
Ապա պատգամավոր Էլինար Վարդանյանն արձագանքելով շեշտեց, որ այժմ էլ շարունակում է քրեական օրենսգիրքն օգտագործվել քաղաքական նպատակներով, ու կա փաստ, որ քրեական օրենսգիրքը ինչպես նախկինում, այսօր էլ մնացել է գործող իշխանության ձեռքին որպես քաղաքական ճնշումների գործիք՝ հավելելով, որ այդ կերպ երկրում արդարադատություն լինել չի կարող:
Վարդանյանի դիտարկումը ընդունելի չէր Ջհանգիրյանի համար, ու ԲԴԽ նախագահի ժ/պ-ն արձագանքեց.
«Ես մի ճշգրտում կատարեմ Ձեր արձագանքում: Ես վկայակոչեցի 6-րդ գումարման ժամանակ իմ՝ այս ամբիոնից հայտարարության տեքստը, որն այն ժամանակ շարունակում էր օգտագործվել: Դուք հիմա ժամանակները մի երկու գումարում առաջ բերեցիք, այդպես չեմ ասել, դա եմ ասում: Իսկ մնացածի հետ համաձայն եմ, այո: Իսկ այն ժամանակ արդարադատություն էր, Էլինար ջան, երբ որ իմ դեմ ցուցմունք տված ոստիկաններին ես չէի էլ տեսել: Եվ մեր որևէ գործընկերոջ…
Հիմա ես հուսամ, որ մենք այդպիսի նախ դեպքեր չունենք, անմեղ մարդիկ քրեական հետապնդման չեն ենթարկվում, ես ելնում եմ բոլորի անմեղության կանխավարկածից և կարծում եմ, որ այն ջանքերը, որոնք այսօր ներդնում է ԲԴԽ-ն, ի վերջո բերելու են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության աճին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում