Որքա՞ն ՌԴ հայրենակից կա Արցախում, և նրանցից քանիսն են պատերազմի պատճառով մեկնել ՌԴ
Սեպտեմբերի 19-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին ընդառաջ՝ ներքաղաքական կրքերը Ռուսաստանում սրված են: «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովն ակնարկեց, որ գուցե արևմտյան որոշ երկրներ միջամտության փորձեր անեն:
Ըստ նրա, իրենք ՌԴ տարածքում կարող են կիրառել ՌԴ օրենսդրությունը, սակայն համապատասխան երկրներում դժվար է: Նրա խոսքով, գուցե ինչ-որ տեղերում ՌԴ քաղաքացիներին ընդհանրապես թույլ չտան քվեարկել, նման փաստեր ստանում են նույն Ուկրաինայից, ինչ-որ տեղերում կփորձեն ճնշել մարդկանց, ովքեր ապրում և աշխատում են ու գտնվում են այդ երկրից կախվածության մեջ, իսկ ինչ-որ տեղերում ՌԴ դեսպանատների մոտ աղմուկ կբարձրացնեն, PR կանեն և կներկայացնեն դա՝ որպես, ինչպես իրենք են ասում՝ գլոբալ բողոքի ալիք:
«Այդ ամենը մենք գիտենք, գիտենք նաև այն որոշումների մասին, որոնց պրոյեկտներն արդեն կան: Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա վաղը նման որոշումներից մեկը քվեարկվելու է Եվրոպական խորհրդարանում: Կարծում եմ, եթե նրանք իներցիայով շարժվեն և որևէ ժամկետ չփոխեն, ապա կջանան մեր ընտրություններն անվանել ոչ լեգիտիմ՝ մինչ նույնիսկ քվեարկության մեկնարկը: Մեր տվյալներով՝ ամսի 14-ին Եվրոպական խորհրդարանը դիտարկման է ստանալու բանաձև, բայց եթե նրանք ցանկանան դա քաղաքակիրթ անել, կհետաձգեն այդ քվեարկությունն ընտրություններից հետո»,- ասաց բանախոսը:
Հարցին, թե ԼՂ-ում բնակվող ՌԴ հայրենակիցներին, որոնք պատերազմի ընթացքում օգնության խնդրանքով դիմել էին ՌԴ նախագահին, ի՞նչ օգնություն ցուցաբերվեց, և կա՞ արդյոք վիճակագրություն, թե քանի մարդ է հայրենակիցներից մեկնել ՌԴ պատերազմի և հետպատերազմական փուլում հատկապես, երբ Ղարաբաղը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ռուս սենատորն արձագանքեց՝ ասելով, որ նոր է վերադարձել Երևանից, որտեղ հանդիպել է բոլոր քաղաքական կառույցների ներկայացուցիչների հետ, ոմանց սպասում է այնտեղ՝ Մոսկվայում:
«Ես ընդհանրապես չէի ցանկանա, որպեսզի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դիտարկվեր՝ որպես բացառապես ՌԴ պատասխանատվություն: Սա այնպիսի մոտեցում է, որը միանգամից խանգարում է տրամաբանորեն դատողություններ անել և ընդունել կշռադատված ու ճիշտ որոշումներ: ԼՂ-ում իրավիճակն այսօր չէ առաջացել, և ՌԴ կառավարության պատասխանատվությունն անհամեմատելի է այն պատասխանատվության հետ, որն ունեն մյուս կողմերն այս հակամարտ գոտում: Այս հակամարտ գոտու երկու կողմերը ԱՊՀ կազմում են, սա ևս պետք է հաշվի առնել, ՌԴ-ն ամենաքիչը կցանկանար պատերազմներ իր սահմանների մոտ, և անցյալ տարվա հոկտեմբեր ամսին հենց ՌԴ-ն կայացրեց իր արագությամբ և արդյունավետությամբ աննախադեպ մանյովր՝ մեր խաղաղապահները:
Եվ այն, որ այսօր այնտեղ գրեթե պատերազմ չկա, 99,9 տոկոսով Մոսկվայի վաստակն է:
Իսկ հիմա այն մարդկանց մասին, ովքեր կարծում են, որ մեր հայրենակիցներն են, քանի որ օրենքով այսպես է՝ ով իրեն համարում է հայրենակից, նա է հայրենակիցը, մենք էթնոսը, կրոնը չենք դիտարկում, մենք դիտարկում ենք՝ մարդն իրեն հայրենակից ընկալո՞ւմ է, թե՞ ոչ: Ուստի դա որոշելու մաթեմատիկական ստատիստիկա չի կարող լինել: Դա կարող է լինել ՌԴ անձնագրով մարդ, կամ կարող է լինել մարդ առանց ՌԴ անձնագրի: Իմ ունեցած տվյալներով, ներկայումս ԼՂ տարածքում գտնվում է 1500 մարդ, որոնք իրենց դիրքավորում են՝ որպես մեր հայրենակիցներ: Մինչ հակամարտային փուլում այնտեղ կային ավելի շատ մարդիկ: Ձեռքը սրտին դնելով՝ ոչ ոք այսօր Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում հստակ չգիտի, թե որտեղ ինչքան մարդ կա, թեև կան տարբեր թվեր, լողացող թվեր: Հիմա քաղաքացիները, որոնք ունեն մեր անձնագրերը, նրանք, բնականաբար, կոնֆլիկտային հատվածներից հեռանում են, ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն ԼՂ-ին, այլև Դոնբասին»,- նման կարծիք հայտնեց Կլիմովը:
Ըստ նրա, հնարավոր չէ հստակ ասել, թե քանի մարդ է մեկնել ՌԴ, քանի որ նրանք ազատ տեղաշարժվում են, և որևէ մեկը հստակ տվյալներ չի կարող տալ:
Նա տեղեկացրեց, որ ՌԴ-ում ԼՂ բոլոր խնդիրներից տեղյակ են, բայց պատկերացնել, որ Մոսկվան դրանց բոլորին միանգամից լուծում է տալու, միամտություն է: Ավելին, ըստ ռուս սենատորի, շատ հարցեր կան, առջևում ձմեռ է, մարդիկ ՌԴ-ում մեծ խմբերով աշխատում են, բայց չմոռանանք, որ դա ահռելի բեռ է նաև ռուսական բյուջեի համար:
«Այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք, իրականացնելու ենք, բայց այս հարցի արմատները խորը պատմության մեջ են»,- ասաց Անդրեյ Կլիմովը: