«Պետք է անպայման Վարդավառ լինի, որ վերահսկողություն լինի ճանապարհներին, մնացած դեպքերում վերահսկողություն չկա». Դավիթ Պեդանյան
Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է: Սեպտեմբերի 10-ին Ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը խիստ մտահոգություն է հայտնել պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ 168.am-ը «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանից հարցրեց՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացումը տեղի է ունենում վարորդների՞ մեղքով, թե՞ ճանապարհների ոչ ճիշտ կահավորման պատճառով:
«Առաջին հերթին վարորդներն են, քանի որ իրենք են վթարի հեղինակ դառնում: Կահավորանքն այդքան կարևոր չէ այս պարագայում, քանի որ քիչ թե շատ արված է, վերահսկողությունն է, որ չի իրականացվում: Պետք է անպայման Վարդավառ լինի, որ ինչ-որ վերահսկողություն լինի ճանապարհներին, մնացած դեպքերում ընդհանրապես վերահսկողություն չկա: Վթարների հիմնական պատճառները արագության գերազանցումն է, ոչ սթափ վիճակում վարելը ու հանդիպակաց երթևեկելը, այսինքն՝ չթույլատրված տեղում վազանց կատարելը»,- ասաց Պեդանյանը:
Կավելանա՞ վերահսկողությունը հնչած մտահոգություններից հետո:
«Նոր ոստիկանապետն արդեն մեկ տարուց ավելի է՝ ոստիկանապետ է, իր օրոք միայն ավելացել է, մտահոգությունը կարող էր հենց ամենասկզբից հայտնել, երբ արդեն իսկ թիվը շատ մեծ էր: Չեմ կարծում, թե միայն մտահոգություն հայտնելով՝ ինչ-որ բան կփոխվի»:
Իսկ ի՞նչ պետք է անել:
«Պետք է ճանապարհային ոստիկաններն աշխատեն»:
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանին խնդրեցինք նաև գնահատել պարեկների աշխատանքը, որոնք, արդեն մի քանի ամիս է՝ կարգավորում են երթևեկությունը Երևանում:
«Եթե Ձեր հարցի կոնտեքստում եք ասում, ապա պարեկները միայն Երևանի տարածքում են գործում, իսկ մահացու պատահարների մեծ մասը մայրուղիների վրա է տեղի ունենում, դրա համար և՛ դեռ շատ շուտ է իրենց աշխատանքը գնահատել, և՛ կոնկրետ զոհերի թվի աճի հետ ուղիղ կապ չունի: Դրա համար չեմ կարող այժմ օբյեկտիվ գնահատական տալ, մեկ տարի սպասենք, մեկ տարի հետո կերևա: Ամեն դեպքում շատ են, անընդհատ աչքներիս առաջ կան, Ճանապարհային ոստիկանները չէին երևում: Այլ գնահատական տալ չեմ կարող»,- ասաց Պեդանյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պարեկների կողքին կարելի է նկատել նաև Ճանապարհային ոստիկաններին, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրն ասաց.
«Ես կարծում եմ, որ դա ուղղակի փորձի փոխանակման գործընթաց է, հին ոստիկանները, ամեն դեպքում, ավելի փորձառու են, պարեկային ոստիկաններն այդքան փորձ չունեն, միգուցե տեսական գիտելիքներով ավելի կրթված լինեն, բայց պրակտիկան մնում է պրակտիկա: Իմ տեղեկություններով՝ այդ նպատակով են իրար հետ աշխատում»: