Բաժիններ՝

Աշխատենք, որպեսզի չսովորենք

Շատ կարևոր է, թե ինչ արժեք ունի սովորելը հասարակական կյանքում։ Ցավոք, մեր հասարակությունում սովորելը հաճախ ընկալվում է՝ որպես պատիժ, որպես տուգանք։ Սա է պատճառը, որ հաճախ մարդիկ սովորելուց խուսափում են, քանի որ այն համարվում է «թույլերի, չբաշարողների» գործ։ Մեզ մոտ կա չգրված օրենք, որ պիտի փորձես ամեն ինչի առանց սովորելու հասնես։ Դպրոցներն ու համալսարանները չափազանց ներողամիտ են չսովորողների հանդեպ, ինչի պատճառով մարդիկ չսովորելով՝ կարողանում են ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ՝ արժեզրկելով կրթությունը։

Մեր հասարակության տարբեր ոլորտներում առկա են սովորելը որպես պատժի ձև դիտարկող մոտեցումներ։ Օրինակ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը վերջերս հանդես է եկել կամավոր ատեստավորման նախաձեռնությամբ։ Ըստ այդ համակարգի, եթե կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչը ստանում է 50 միավորից ցածր գնահատական, ապա նա պետք է պարտադիր մասնակցի վերապատրաստման դասընթացին։ Այսինքն՝ եթե ցածր ես ստանում, քեզ որպես պատիժ՝ ուղարկում են դասընթացների։ Պատկերացրեք ուսուցչի մոտիվացիան, որը գնում է վերապատրաստման, քանի որ քննությունից ցածր միավոր է հավաքել։

Խնդիր ունենք նաև որոշ պետական բուհերում։ Բուհերում վերապատրաստման դասընթացներին հիմնականում մասնակցում են շարքային դասախոսները, ասիստենտները կամ դոցենտները։ Պրոֆեսորները, ակադեմիկոսները մեծ մասամբ չեն մասնակցում։ Մինչդեռ չկա որևէ ապացույց, որ ասիստենտներն ու դոցենտներն ավելի վատ են դասավանդում, քան պրոֆեսորներն ու ակադեմիկոսները։ Բայց կա դրվածք, որ պատվաբեր չէ պրոֆեսորի մասնակցությունն ուսումնական դասընթացին։ Պրոֆեսորը պետք է միայն դասավանդի։

Նույն խնդիրն ունենք նաև քաղաքացիական ծառայության համակարգում։ Նախարարների, փոխնախարարների, պատգամավորների համար չկան պարտադիր ուսումնական դասընթացներ։ Համարվում է, որ, եթե դու բուրգի գագաթում ես, ապա սովորելու կարիք չունես։ Մինչդեռ հաճախ հենց նախարարները, փոխնախարարները, պատգամավորները պիտի սովորեն, քանի որ ճակատագրական որոշումներ են կայացնում։

Քաղաքացիական ծառայության համակարգում կա նաև այսպիսի կարգավորում։ Եթե քաղծառայողը գնահատման արդյունքում ստանում է ցածր միավոր, ապա նրան ուղարկում են վերապատրաստման։ Եվս մեկ օրինակ, երբ սովորելը դիտարկվում է պատժի ձև։

Առաջին հայացքից թվում է, թե վատ աշխատողին սովորելու ուղարկելը տրամաբանական է։ Բայց մարդկանց համար հաճախ սիմվոլիկան ավելի կարևոր է, քան տրամաբանությունը։ Եթե ցածր գնահատականին հաջորդում է վերապատրաստումը, ապա սա խորհրդանշում է, որ սովորելը թույլերի համար է։ Ընդ որում, բոլորս էլ գիտենք, որ կոչումները, պաշտոնները, գնահատականները հաճախ չեն արտացոլում իրականությունը։ Մարդը կարող է դոկտոր-ակադեմիկոս լինել, բայց շատ վատ դասավանդել։ Մարդը կարող է նախարար-փոխնախարար-պատգամավոր լինել, բայց ոլորտի շատ վատ (երբեմն՝ ոլորտի հետ կապ չունեցող) մասնագետ լինել։ Մարդը կարող է թույլ քաղծառայող լինել, բայց բարձր գնահատական ստանալ անմիջական ղեկավարի կողմից։

Մեզ մոտ սովորելն ու աշխատելը դիտվում են ոչ թե՝ որպես փոխլրացնող, այլ՝ փոխբացառող երևույթներ։ Եթե աշխատում ես, ապա պիտի խուսափես սովորելուց, քանի որ սովորելը վատ աշխատողների համար է։ «Լավ» աշխատողներն ազատվում են սովորելուց։

Կարծում եմ, Հայաստանում սովորելը պետք է դարձնել պարտադիր։ Կարևոր չէ՝ ինչ կոչում ունես, ինչ պաշտոն ես զբաղեցնում։ Եթե ուժեղ մասնագետ ես, առաջինը դու պիտի սովորես, դու պիտի օրինակ ծառայես։ Սա կարևոր է, որպեսզի բարձր հասարակական ստատուս ունեցող մարդիկ չմեծամտանան։ Երբ նախարարն ու առաջին կարգը մասնագետը հավասարապես սովորեն, ապա արդյունքում կունենանք ավելի առողջ միջավայր կոլեկտիվում, կբարձրանա կրթության արժեքը։

Բացի այդ, սովորելն ավելի թափանցիկ է դարձնում մարդկանց արժանիքները։ Երբ դու թաքնվում ես պաշտոնի, կոչման, ստատուսի հետևում, ապա մարդիկ կարող են սխալ գնահատել քո արժանիքները։ Ապացուցված է նաև, որ եթե ինքդ չես սովորում, ապա չես կարող արդյունավետ սովորեցնել ու կառավարել։ Պետք է հաղթահարենք այն բարդույթը, որ սովորելու կարգավիճակում լինելը թուլացնում է քո իշխանությունը։ Առաջին հայացքից սովորելու ընթացքում դու հաճախ կարող ես հայտնվել չիմացողի, սխալ պատասխանողի կարգավիճակում։ Բայց մեզ հենց դա էլ պետք է։ Մեզ պետք է, որ մարդիկ հասկանան, որ իրենք ամենագետ չեն, և միշտ կարիք ունեն այլ մարդկանցից սովորելու, այդ թվում՝ իրենցից ցածր կոչում ու պաշտոն ունեցողներից։

Ի դեպ, այս կարծրատիպերը տարածվում են նաև ուսանողների, որոշ դեպքերում էլ՝ ավագ դպրոցների աշակերտների վրա։ Ուսանողներն ու աշակերտները նույնպես սկսել են մտածել, որ կարևորը փող աշխատելն է։ Իսկ սովորելը այնքան էլ կարևոր չէ։ Հենց այս մտածողության պատճառով է, որ Հայաստանում ունենք որակյալ աշխատուժի պահանջարկ։

Իհարկե, այս ամենին զուգահեռ՝ պետք է բարձրացնել նաև դասավանդման որակը։ Հաճախ վերապատրաստման դասընթացներն այնքան անարդյունավետ են լինում, որ մարդիկ իրավացիորեն բողոքում են դրանց որակից։ Բայց դասավանդողների որակը չի կարող բարձրանալ, քանի դեռ դասընթացներին մասնակցելը համարվում է պատժի տեսակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս