«Եթե ինչ-որ բան փոխում ենք, այնպես փոխենք, որ կառուցապատման շուկայում չառաջանան ցնցումներ». Արմեն Սաքապետոյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն անդրադարձավ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի այն հիմնավորմանը, թե հիպոթեքային վարկը եկամտահարկով մարելու կարգավորումը Երևանի համար վերացնելու միջոցով կխթանվի բնակարանաշինությունը մարզերում: Հետո վստահեցրեց, որ կառուցապատողները դեմ չեն մարզերում քաղաքաշինական ծրագրեր իրականացնել, եթե չլինեն այն խնդիրները, որոնց բախվում են մարզերում:

«Մարզերում պետք է ստեղծել բավարար պայմաններ՝ սկսած աշխատատեղերից, վերջացրած ենթակառուցվածքներով: Առնվազն այս երկու հանգամանքն ուղղակի խոչընդոտող հանգամանքներ են մարզերում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար: Միգուցե, օրինակ՝ Աշտարակ քաղաքում կառուցվի մեկ-երկու շենք, մեկ-երկու շենքից գնորդներ լինեն այնպիսի քաղաքացիներ, ովքեր աշխատում են այնպիսի հիմնարկներում, կազմակերպություններում, որտեղ բարձր եկամտային հարկ են վճարում, կամ որոշակի բարձր աշխատավարձ ունեն, բայց համայնքների ուշադրությունը պետք է սևեռվի ավելի ամբիցիոզ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելուն, պետք է համայնքների կողմից ուղղակի առաջարկներ մշակվի և ներկայացվի կառուցապատողներին: Այսօր համայնքներում չկա հողի շուկա, կամ եթե գնում ես, փնտրում ես հող, որի վրա կարելի է կառուցապատում իրականացնել, շատ բարձր արժեք ունի, գրեթե մոտ է Երևանում գործող գներին»,- ասաց Սաքապետոյանը:

Նրա խոսքով՝ եկամտահարկի վերադարձման մասին օրենքը իր օգուտներն ունի նաև հարկային վարչարարության տեսանկյունից, քանի որ անուղղակի ձևով ստիպում էր գործատուներին և կառուցապատման շղթայի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրենց շրջանառությունն ամբողջությամբ:

«Վերցնենք մի կազմակերպություն, որտեղ առաջ աշխատավարձը գրված էր 100.000 դրամ, բայց աշխատողը ևս 300.000 դրամ ծրարով գումար էր ստանում, և այդ 100 աշխատողներից մեկն ուզում է եկամտահարկով բնակարան ձեռք բերի,  եկամտահարկը հետ ստանա: Ի՞նչ պետք է անի, ստիպում է գործատուին, որ 400.000 դրամ աշխատավարձն ամբողջությամբ հայտարարագրի, հետևաբար՝ կազմակերպությունը չի կարող 100-ից մեկի կամ երկուսի աշխատավարձը հայտարարագրի 400.000 դրամ, իսկ մնացածինը շարունակի 100.000 դրամ հայտարարագրել: Կառավարության կողմից պարբերաբար հնչող այն թվերը, որ տեղի է ունեցել միջին աշխատավարձի աճ, տեղի է ունեցել աշխատատեղերի գրանցման աճ, դրա հիմնական խթանող պատճառներից մեկն այս համակարգի գոյությունն է…Նախկինում կար նաև մի արատավոր երևույթ կառուցապատողների շրջանում, որ թերհայտարարագրում էին գները, օրինակ՝ բնակարանը վաճառում էին 1000 դոլարով, բայց ասում էին՝ եկեք ձևակերպենք 500 դոլարով: Այս գործիքը թույլ չի տալիս, որ կազմակերպությունները թույլ տան հարկային խախտումներ, այսինքն՝ մեծամասամբ այս գործիքի ներդրմամբ ուղղակի, առանց վարչարարություն իրականացնելու՝ տեղի է ունենում հարկային բազայի աճ, և էապես նվազում են հարկերից խուսափելու ռիսկերը»,- ասաց Սաքապետոյանը:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամն ասաց, որ իրենք դեմ չեն փոփոխություններին, անգամ առաջարկներ են ներկայացրել Կառավարությանը, սակայն մինչև որևէ գործող կարգավորում վերացնելը պետք է ներդրվի նորը:

«Մեր մոտեցումը Կառավարությանը կամ իշխանությանն այն է, որ եկեք վերանայենք, բայց ոչ թե այս գործիքը վերացնենք, հետո մտածենք նոր գործիք ստեղծելու կամ ներդնելու մասին, այլ եկեք ունենանք համալիր մոտեցում, եթե ինչ-որ բան փոխում ենք, այնպես փոխենք, որ շուկայում չառաջանան ցնցումներ, առանց այդ էլ տնտեսությունը գտնվում է ընդհանուր ցնցումների մեջ»:

Սաքապետոյանը ներկայացրեց այն 3 առաջարկը, որ ներկայացրել են Կառավարությանը.

«Առաջարկներից մեկը վթարային շենքերի ռենովացիայի ծրագիրն է: Մեր հարկային օրենսդրության մեջ փոխանակման հարկային ռեժիմ գոյություն չունի: Առաջարկում ենք սահմանել փոխանակման հարկային ռեժիմ, որի արդյունքում, եթե կառուցապատողը հետաքրքրված է գնել վթարային շենքի բոլոր բնակարանները, կամ վթարային շենքի բնակչի բնակարանը փոխրինել նոր բնակարանով, որ չհայտնվի ընդհանուր հարկային ռեժիմի դաշտում, որովհետև եթե այսօրվա գործող օրենսդրությանը նայենք, ապա կառուցապատողը պետք է գնման ժամանակ վճարի եկամտահարկ, հետո  վերադարձնի այդ բնակարանը, վճարի ԱԱՀ և շահութահարկ: Այստեղ մենք կունենանք մեկ լրացուցիչ գործոն քաղաքաշինության ծրագրերն ավելի արագացնելու և կունենանք վթարային շենքերի բնակիչների խնդիրների լուծում, առանց պետության կողմից որևէ ծախս կատարելու, մինչդեռ դա պետության պարտավորությունն է այս մարդկանց վերաբնակեցնելը:
Երկրորդ առաջարկ. մենք պայմանական անունը դրել ենք «կարգավիճակ՝ գույքի դիմաց», դա աշխարհում գործող շատ հետաքրքիր ծրագիր է, որը կա նաև մեր հարևան Վրաստանում, Էմիրաթներում և այլուր, որ Հայաստանում բնակվել ցանկացող մարդկանց գույք գնելու դիմաց  տրվում է  որոշակի կարգավիճակ, ոնց որ մեր սփյուռքահայերին տրվում է կեցության հատուկ կարգավիճակ: Այս գործիքի կիրառմամբ կունենանք գումարային առումով փոքր, բայց քանակային առումով շատ մեծ թվով ներդրողներ, որոնք ձեռք կբերեն բնակարան Հայաստանում՝ վճարելով, օրինակ՝ 50 կամ 100 հազար դոլար ու դրա դիմաց կունենան կարգավիճակ և ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորություն: Այսօր ոչ ռեզիդենտները բանկային համակարգից օգտվելու հնարավորություն չունեն:
Երրորդ առաջարկը, որը պետք է փոխլրացնի այս դաշտը, դա հիպոթեքային վարկերի տոկոսների նվազումն է»,- ասաց Սաքապետոյանը:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն առաջարկում է հետ կանչել նախագիծը: Սաքապետոյանը նաև պատմեց, որ հարցը քննարկել են տարբեր պատկան մարմինների հետ, բայց անարդյունք:

«Կառավարությունն ուղղակի առանց որևէ մեկի հետ քննարկելու, անգամ առանց e-draft.am կայքում դնելու, առանց հանրային քննարկման, հավանության արժանացրեց նախագիծը, նոր դրանից հետո, մեր բարձրացրած խնդիրներից հետո տեղի ունեցավ քննարկում ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովում, որին ներկա էր Ֆինանսների փոխնախարար պարոն Պողոսյանը: Իհարկե, նա դիրքորոշում չհայտնեց, ասաց, որ դիրքորոշում հայտնելու մանդատ չունի, ուղղակի լսեց մեր մտքերի փոխանակումը: Անցել է 10-15 օր, չկա որևէ հետադարձ անդրադարձ, որևէ նորություն»,- ասաց Սաքապետոյանը:

Տեսանյութեր

Լրահոս