Ո՞ւմ կընտրի իշխանությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում

Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում պատգամավորները կընտրեն Վճռաբեկ դատարանի դատավորի: Թեկնածուները 3-ն են՝ Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան և Լիանա Հակոբյան:

Այս մասին հայտարարություն դեռևս 2021թ. մայիսին 25-ին է եղել՝ դեռևս Արարատ Միրզոյանի նախագահության օրոք:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է  Հովսեփ Բեդևյանի,  Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի   թեկնածությունները»,- գրված է հայտարարության մեջ:

Հասկանալու համար, թե ով, ի վերջո, կընտրվի այդ տեղի համար, բավական է ծանոթանալ նրանց գործունեությանը հատկապես վերջին 3 տարիներին:

Հովսեփ Բեդևյանը մեկն էր նրանցից, ով 2020թ. նոյեմբերի 30-ին՝ պատերազմի խայտառակ ավարտից ու կապիտուլյացիայից կարճ ժամանակ անց, կառավարություն գնաց՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու:

168.amտեսախցիկը ֆիքսել էր վերջինիս՝ կառավարության շենք մտնելու կադրերը:

Հրաչ Այվազյանը 2013թ.-ից առ այսօր դատավոր է ՀՀ Վարչական դատարանում:

Հրաչ Այվազյանն է եղել այն դատավորը, ով հայցի ապահովման միջոց է կիրառել «Yerevan Today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանին առնչող գործով, որով և կասեցրել է ԱԺ ղեկավարության՝ լրագրողին ԱԺ հավատարմագրումից զրկելու ապօրինի որոշման գործողությունը:

Երրորդ թեկնածուն՝ Լիանա Հակոբյանը, նույնպես դատավոր է, կրկին՝ Վարչական դատարանում:

Վերջինս էլ «աչքի է ընկել» նրանով, որ վերացրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի գովազդի արգելքը:

Հայաստանյան դատաիրավական  համակարգի իրողություններից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մեկն ինքը կարող է գլխի ընկնել, թե, ի վերջո, ո՞վ է Վճռաբեկ դատարանի՝ քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի հավանական հավակնորդը:

Տեսանյութեր

Լրահոս