«2 տարի է անցել, եթե մեղավոր չէիք, գայիք ինձ տեսնելու». Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը՝ Տրդատ Սարգսյանին

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի դատարանում ընթանում է դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով   ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Իսկ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էին ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Իսկ այսօր կայացած դատական նիստի ընթացքում առաջինը հարցաքննվեց Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որն այդ միջադեպից մեկ շաբաթ անց հրաժարական էր տվել, իսկ ահա 2020 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր պատգամավոր: Տրդատ Սարգսյանը դատարանում հարցաքննության ընթացքում նորից հերքեց իր մասնակցությունը միջադեպին։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, իշխանական պատգամավոր Սարգսյանին հարցրեց՝ եթե   մեղավոր չէ, այդ դեպքում ինչո՞ւ այս 2 տարիների ընթացքում ոչ մի անգամ և ոչ մի ձևով չի փորձել այցելել փոխգնդապետի հարազատներին.

«Երկու տարի է անցել, եթե մեղավոր չէիր, գոնե մի անգամ, մի զանգ արե՞լ եք, եթե մեղավոր չէիք, գայիք ինձ տեսնելու»:

Տրդատ Սարգսյանը պատասխանեց՝ պատճառն իրավիճակը չլարելն է եղել:

«Դուք ինձ վիրավորել եք, մեղադրել եք ամենավերջին հանցագործությունների մեջ, ես ընդունել եմ դա՝ որպես վրդովված ծնողի խոսք, և չեմ փորձել որևէ կերպ լարել, թողել եմ դատաքննությանը, որ դուք ինքներդ հասկանաք, լսեք բոլոր վկաներին, գաք ճիշտ եզրահանգման, և նոր միայն ձեր հետ հանդիպել․․․»,- ասաց Տրդատ Սարգսյանը, ապա վստահեցրեց՝ եթե ինքն այդ պահին այնտեղ լիներ, նման դեպք չէր կարող լինել:

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Տեսանյութեր

Լրահոս