Պրոֆեսոր Չարչյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց գրեթե ուշագնաց լինելու պայմաններում. Արամ Վարդևանյան
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ այցելել են կալանքի տակ գտնվող իրենց կուսակից, պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ում առողջական վիճակը կտրուկ վատացել է: Արամ Վարդևանյանը, որ քաջատեղյակ է հարուցված քրեական գործի մանրամասներին, վստահեցրեց, բժշկին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա:
«Այս գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, չկա դա ուղղակի, այլ կերպ ասած՝ նման պայմաններում մարդուն կալանքի տակ ֆետիշացված ձևով պահելն իրավունքի հետ առնչություն չունի: Իրավաբանությունը սրա մասին չէ, իրավաբանությունը նրա մասին է, որ կալանավորումը ծայրահեղ միջոց է, երբ ոչ մի այլ միջոցով հնարավոր չէ կոնկրետ անձի պատշաճ վարքագիծն ապահովել»,- ասաց Վարդևանյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ Արմեն Չարչյանն այն բացառիկ մարդկանցից է, որ բժշկական ոլորտում ունի չափազանց մեծ ներդրում:
«Այս վերաբերմունքը դասական, իրավական իմաստով՝ նաև խոշտանգում է իրենից ներկայացնում: Խոշտանգումն աբստրակտ կատեգորիա չէ, դա իրականում տեղի ունեցող իրավիճակներից հենց այն է, ինչը տեսնում ենք պրոֆեսորի նկատմամբ ու հանուն ինչի՞: Հաճախ այդ հարցն եմ փորձում ինձ տալ՝ նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ դա ավելի կարևոր լինի, քան մարդու կյանքը, առողջությունը, վաստակը»,- ասաց Վարդևանյանը:
Պատգամավորի պնդմամբ՝ այս հարցը չի կարող պատասխան ունենալ, քանի որ չի կարող լինել մի շահ, որն ավելի կարևոր կլինի մարդու կյանքից:
«Սա կարող է լինել վրեժխնդրություն, սա բռնապետական ռեժիմի դրսևորման ամենադասական իրավիճակներից մեկն է, որ մեր հայրենակիցները տեսնեն, թե ինչպիսի՞ վարքագիծ է հնարավոր դրսևորել, նույնիսկ նախկինում երբևէ չարատավորված մարդու, կարելի է ասել, մի պրիմիտիվ մեղադրանքով, առանց որևէ ապացուցողական բազա ունեցող գործով իրավիճակ ստեղծել: Բռնապետական ռեժիմի համար ամենակարևոր մեսիջը, որ տրվում է հանրությանը, դա վախի մթնոլորտն է»:
Վարդևանյանը պատմեց, որ պրոֆեսոր Չարչյանը դժվարությամբ էր խոսում, սակայն այդուհանդերձ կարողացել է որոշ մանրամասներ հայտնել:
«Երեկ ինքը տեղափոխվել է հիվանդանոց գրեթե ուշագնաց լինելու պայմաններում: Սա արդյոք նորմա՞լ է»,- ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ Արմեն Չարչյանը պատգամավոր է, որը գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, հիմա էլ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ Վարդաշեն ՔԿՀ-ի ծառայողների հսկողության ներքո, այն դեպքում, երբ չկա ԱԺ համաձայնությունը:
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Մեղադրանքի հիմքում ընկած էր տելեգրամ ալիքներից մեկով տարածված մոնտաժված ձայնագրությունն այն մասին, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին հորդորում, պահանջում է անպայման մասնակցել ընտրություններին:
Ավելի ուշ 168.am-ը հրապարակել էր ամբողջական տեսաձայնագրությունը, որի ավարտին պրոֆեսորն ասում է, որ որևէ հետևանք որևէ մեկի ընտրություններին չմասնակցելը կամ իր նախընտրած ուժի օգտին քվեարկելը չի ունենալու:



