Մեր խմբակցության 10 %-ը ձերբակալված է. ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բռնաճնշումները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ այցելել են կալանքի տակ գտնվող իրենց կուսակից, պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ կտրուկ վատացել է պատգամավոր Չարչյանի առողջական վիճակը, նա գտնվում է հիվանդանոցում:
«Շատ հստակ, հիմնավոր փաստերով և՛ փաստաբանները, և՛ բժիշկներն ասել են, որ պրոֆեսորի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է, ոչ միայն պարոն Չարչյանի, այլև մեր խմբակցության մյուս պատգամավորների ու նաև բազմաթիվ անհատների, աջակիցների նկատմամբ: Մեր խմբակցության պատգամավորների, ըստ էության, 10 %-ն այսօր ձերբակալված է տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թվում՝ նաև Սահմանադրության կոպիտ և ակնհայտ ոտնահարմամբ: Սա է այսօրվա իշխանության դիմագիծը, սա է ժողովրդավարությունից, ժողովրդավարական արժեքներից, ազատությունից խոսող իշխանության կերպարը»,- ասաց Սաղաթելյանը:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ նամակով դիմել են մի շարք դեսպանատների, միջազգային կառույցների՝ ներկայացնելով մեր երկրում տիրող իրավիճակն այս օրերին: Սաղաթելյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բռնաճնշումներ են սկսվել իրենց հավանական թեկնածուների, ինչպես նաև համայնքների գործող ղեկավարների նկատմամբ:
«Շարունակում են ճնշումները, որ համայնքի գործող, հեղինակություն ունեցող ղեկավարները հրաժարական տան, որպեսզի իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար և այդ ուղղությամբ փորձեն տեղական ընտրություններում հասնել հաջողության: Ակնհայտ է, որ բազմաթիվ գործող քաղաքապետեր, հեղինակավոր մարդիկ խուսափում են ՔՊ ցուցակով առաջադրվել, այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են»,- ասաց Սաղաթելյանը:



