ՀՀ իշխանությունները եռակողմ հայտարարությունից հետո թաքուն կերպով բացել են ՀՀ օդային տարածքն Ադրբեջանի համար

Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստին, անդրադառնալով Թուրքիայի կողմից եկող դրական ազդակներին, հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն տեսնում է:

«Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանն՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- նշել է նա:

Սրան զուգահեռ՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով Вестник Кавказа լրատվական գործակալությանը, տեղեկություն հրապարակեցին, որի համաձայն՝ Հայաստանը բացել է իր օդային տարածքն ադրբեջանական ավիացիայի համար, և որ 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանից ուղևորատար օդանավը կատարել է ներքին թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով։

Flight Radar հարթակի տվյալների համաձայն, սեպտեմբերի 4-ին Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737-300 օդանավն իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջևան չվերթը:

Օդանավը օդ է բարձրացել Գյանջայից 9։57 (5.57 UTC)-ին և վայրէջք է կատարել Նախիջևանում 10:32 (6:32 UTC)-ին։ Թռիչքը տևել է 35 րոպե։ Օդանավն անցել է Սևանա լճի վրայով, Հայաստանի Գեղարքունիքի մարզի վրայով։

Հայաստանի այս քայլը որակվում է՝ որպես կառուցողական քայլ, և նշվում, որ ՀՀ իշխանությունները նման կառուցողական քայլեր, ինչպիսին օդային տարածքը բացելն է, կփորձեն իրականացնել, և հնարավորության դեպքում՝ գաղտնի կերպով՝ լուռ, առանց պաշտոնական հայտարարությունների, որպեսզի հնարավորինս քիչ խնդիրներ ունենան ընդդիմության հետ և Սփյուռքի հետ:

Նշենք, որ Ադրբեջանի համար օդային հատվածը վերը նշված կերպով Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՀՀ իշխանությունները բացել են դեռևս 2020-ի դեկտեմբերի 27-ին՝ նոյեմբերյան եռակողմ հայտարարության հաստատումից մոտ մեկ ամիս անց: Вестник Кавказа լրատվական գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Հայաստանը բացել է իր օդային տարածքը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական ինքնաթիռների համար, և որ մինչ այդ այս երկրների քաղաքացիական ինքնաթիռները ստիպված թռիչք էին իրականացնում Վրաստանի օդային տարածքով, որի դեպքում ստիպված էին լինում բավականին մեծ տարածություն հաղթահարել:

Հոդվածում տեղեկացվում էր, որ 2020-ի դեկտեմբերի 27-ին Turkish Airlines ավիաընկերությունը ավիաթռիչք է կազմակերպել Բաքու-Ստամբուլ՝ ՀՀ օդային տարածքով:

Ավելին, 2021-ի օգոստոսի 31-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել՝ հղում տալով հայկական աղբյուրներին, որ 44-օրյա պատերազմից մոտ 20 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ից, Թուրքիան արգելել է ՀՀ-ում գրանցված ինքնաթիռների մուտքը իր օդային տարածք: Ընդ որում, մերժումները եղել են առանց որևէ հիմնավորման:

Ադրբեջանական լրատվամիջոցը հարցադրում է անում՝ ինչո՞ւ Հայաստանը հայելային եղանակով չի արգելել կամ սահմանափակել ՀՀ օդային տարածք Թուրքիայում գրանցված ինքնաթիռների մուտքը, այնուհետև լրատվամիջոցն առաջ է քաշում հետևյալ եզրահանգումը՝ Անկարան նախապես գիտեր Բաքվի ռազմական պլանների մասին:

Թե որքանով էր ակնհայտ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի վերսկսումը հենց 2020-ի սեպտեմբերին, և որքանով էին տեղեկացված ՀՀ իշխանություններն այդ մասին, դեռ կանդրադառնանք, իսկ հիմա վերադառնալով ադրբեջանական արգելքներին՝ հիշեցնենք, որ հայկական կողմը այդպես էլ չկարողացավ պաշտոնապես քաղաքացիական ավիաթռիչքներ կազմակերպել Ստեփանակերտի օդանավակայանից՝ 2008-ին օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումից հետո:

Ավելին, նույն ճակատագիրը սպառնում է Կապանի օդանավակայանին, որը թեև պատրաստ է շահագործման, սակայն արցախյան վերջին պատերազմի արդյունքում Սյունիքի հատվածում Ադրբեջանի առաջխաղացումների պատճառով Կապանի օդանավակայանը թեպետ ՀՀ տարածքում է, սակայն գտնվում է Ադրբեջանի թիրախավորման տակ, ավելին, ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Կապանի օդանավակայանի մի մասը հայտնվելու է իրենց մոտ:

Հիշեցնենք, որ 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը փորձել էր ուսումնասիրել Ստեփանավանի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի օդանավակայանների վերագործարկման հնարավորությունները, այնուհետև հայտնել էին, որ Սիսիանի, Գորիսի ու Մեղրու օդանավակայանները ՊՆ-ի տիրույթում են, մնացածը քաղաքացիական աերոդրոմներ են, որոնք չեն շահագործվում:

Տեսանյութեր

Լրահոս