Կամավոր-պարտադիր պատվաստում. ի՞նչ են մտածում քաղաքացիներն ԱՆ հրամանի մասին
Հոկտեմբերի 1-ից Առողջապահության նախարարի հրամանով պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ: Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական միջոցներով: 168.am-ը շրջել է Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ինչպե՞ս են վերաբերվում պատվաստումներին, պատրաստվո՞ւմ են պատվաստվել, թե՞ ոչ, արդյո՞ք Առողջապահության նախարարի հրամանը պատվաստվել «ստիպելու» տարբերակ չէ:
«Ես դեմ եմ, քանի որ սրտի երկու օպերացիա եմ տարել, և շատ վատ ալերգիկ եմ, վախենում եմ: Ես ավելի լավ է 14 օրը մեկ թեստ հանձնեմ, քան պատվաստվեմ, եթե ալերգիա չլիներ, գուցե ռիսկի դիմեի: Դժվարանում եմ պատասխանել, ամիսը 30.000 դրամ վճարելը հասանելի կլինի՞ մարդկանց համար, թե՞ ոչ»,- ասաց մի կին:
«Նորմալ եմ վերաբերվում, ես պատրաստվում եմ պատվաստվել: Ամբողջ աշխարհն է նույն կերպ վարվում, մերոնց մեղադրելը մի տեսակ արդար չէ»,- ասաց անցորդներից մեկը:
«Շատ վատ եմ վերաբերվում պատվաստումներին: Սխալ բան է աշխատողին ստիպել, որ կորոնավիրուսի թեստ հանձնի, այն էլ՝ իր հաշվին, ի՞նչ է ստանում աշխատողը, որ իր հաշվին թեստ հանձնի: Ճիշտն ասած, չգիտեմ, թե հոկտեմբերի 1-ից ի՞նչ եմ անելու, եթե ինչ, ստիպված կլինեմ պատվաստվել, որովհետև ի վիճակի չեմ իմ ստացած աշխատավարձով թեստ հանձնել, բայց պատվաստվելն էլ է սխալ, որովհետև էնքան բաներ եմ լսել, որ ոչ մի հիվանդություն չունեցող մարդը պատվաստվում է, մի շաբաթ հետո մահանում է, կամ ինչ-որ հիվանդություն է ձեռք բերում»,- ասաց պետական համակարգում աշխատող մի տղամարդ:
«Շատ դրական եմ վերաբերվում, անպայման պատրաստվում եմ պատվաստվել»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Չեմ վերաբերվում»,- ասաց մի անցորդ:
«Ես պատվաստված եմ»,- ասաց մի տղամարդ:
«Չեմ ուզում պատվաստվել, վախենում եմ»,- ասաց մի կին:
«Ճիշտն ասած, վախենում եմ պատվաստվել, քանի կամավոր է, չեմ պատվաստվի, չգիտես՝ ի՞նչ է, ի՞նչ չի: Առողջապահության նախարարի հրամանից ստացվում է, որ կամավոր է, բայց ստիպողաբար, 15.000-ը բավականին մեծ գումար է սովորական աշխատողի համար, լավ կլիներ, որ գոնե գումարի մի մասն այն մարդկանց համար, որոնք խնդիրներ ունեն, փոխհատուցեր, մինչև տեսնենք՝ ինչ է դուրս գալիս: Եթե այլընտրանք չլինի, ես կգերադասեմ 14 օրը մեկ թեստ հանձնել»,- ասաց մի կին:
«Ես նորմալ եմ վերաբերվում պատվաստումներին: Բժիշկներն ինձ դեռ չեն առաջարկել, ես մի քիչ վատառողջ եմ, ինձ չի կարելի: Ես չեմ հավատում, որ վատ հետևանքներ կթողնի: Պետության պարտականությունն է ժողովրդի առողջության մասին մտածելը, իրենք էլ անում են ամեն ինչ, որ ժողովուրդը չվարակվի»,- ասաց մի թոշակառու:
«Դրական»:
«Շատ վատ եմ վերաբերվում պատվաստումներին: Ես երակների, արյան հետ կապված խնդիրներ ունեմ, չէի ուզի պատվաստվել: Առողջապահության նախարարի հրամանով ստիպում են, որ մարդիկ պատվաստվեն, բայց ես չեմ պատվաստվելու: Մեր գործատուն թողել է մեր հայեցողությանը»,- ասաց անցորդ մի կին:
«Դրական եմ վերաբերվում: Ես դեռ չեմ պատվաստվել, բայց պատրաստվում եմ: Հակացուցումներին տեղյակ եմ, դրա համար վախենալով եմ մոտենում, մի քիչ ուշացնում եմ, ես անոթների պրոբլեմներ ունեմ: Եթե ընտրելու լինեմ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստ հանձնել, ավելի լավ է՝ պատվաստվեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Բացասական»:
«Ես չեմ պատվաստվելու: Ես նենց ոլորտում եմ աշխատում, որ պարտադիր չի, ես չեմ շփվում մարդկանց հետ»,- ասաց մի տղամարդ:
«Դեռ նեյտրալ եմ վերաբերվում: Եթե ժամանակը գա և հարկ լինի՝ կպատվաստվեմ: Առողջապահության նախարարի հրամանն աբսուրդ է, ուղղակի աբսուրդ, պարտադրել պատվաստվել, իհարկե, ցանկալի չէ, բայց ինձ թվում է՝ բոլորը գալու են նրան, որ պատվաստվեն, բայց ստիպե՞լ, որ եթե չես պատվաստվում՝ 14 օրը մեկ թեստ հանձնես… կարող են իրենց վրա վերցնել ծախսը, մեղք են մարդիկ»,- ասաց երիտասարդ մի կին:
«Շատ բացասական եմ վերաբերվում, պատվաստվեցի, ընկա հիվանդանոց: Ռեակցիա տվեց, երկու օր էր մնում, որ գնայի երկրորդն անեի, խփեց գետնին: Գնացի մի 15 օր էլ պառկեցի, նոր եմ դուրս եկել, SputnikV-ով էի պատվաստվել: Ես թոշակառու մարդ եմ, Առողջապահության նախարարի հրամանն ինձ չի էլ հետաքրքրում, բայց ես էլ չեմ գնա, պարզ ասեմ»,- ասաց մի տղամարդ:
«Դեռ չեմ կողմնորոշվել»:
«Ոչ մի ձև»:
«Լավ չենք վերաբերվում»:
Հարցվածների մի մասն էլ անտարբեր է, լսելով մեր հարցը՝ պարզապես անցնում էին, կամ ձեռքով շարժում էին անում՝ ցույց տալով, թե չեն ցանկանում այդ մասին խոսել: