Ադրբեջանցիները թքել են սննդի մեջ ու ստիպել են, որ հայ ռազմագերիները դա ուտեն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր ներկայացրեցին անգլերենով կազմված արտահերթ զեկույցը, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց զեկույցում ներառված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքին վերաբերող փաստերը, որոնք, ՄԻՊ խոսքով, ստուգվել են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով: Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինծառայողներին համակարգված ենթարկել են խոշտանգման՝ հոգեկան և ֆիզիկական տանջանքների:
«Ամենադաժան պայմանները եղել են հենց գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո և հատկապես հատուկ ծառայությունների կողմից: Խոշտանգումը և անմարդկային վերաբերմունքը, նվաստացումները եղել են լայնածավալ՝ հիմնված են եղել ինչպես էթնիկ պատկանելության վրա, այսինքն՝ հայ լինելու հանգամանքով պայմանավորված, նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով:
Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ մարդկանց զրկել են ջրից, գրեթե չի եղել ջուր կամ սնունդ: Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո: Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին, գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերիին, վերցրել և գցել են աղբարկղի մեջ՝ հենց նրա դիմաց: Կամ եղել են դեպքեր, երբ տվել են ընդամենը 10 վրկ ուտելու համար և 10 վրկ հետո՝ անկախ նրանից՝ ինչ հասցրեց կերավ, անմիջապես վերցրել են ձեռքից և գցել են աղբի մեջ, թքել են սննդի մեջ և ստիպել են նաև այդպես ուտել: Շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների հարցում: Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծը, խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի: Ընդ որում՝ հատուկ ստիպել են, որ խնդրեն, աղաչեն:
Դեպքեր են եղել, երբ ձմեռը, ցուրտ եղանակին ստիպել են պառկել և քնել գետնին՝ ձեռքերը հետևում կապված վիճակում: Դրանից հետո նաև եղել են դեպքեր, երբ բացել են պատուհանը՝ ձմեռով, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի, և մերկ վիճակում: Եղել են ծառայողներ, որ հատուկ սառը ջուր են շփել գերու վրա, որ էլ ավելի տառապանքներ պատճառեն ցուրտ եղանակին՝ կրկին պատուհանը բաց վիճակում:
Հատուկ ուզում եմ անդրադառնալ նրան, որ գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ: Հաճախ մարդիկ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ, օրինակ, հագուստի մասերը պատռելով»,- ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում