Ինչ է մնացել Նիկոլ Փաշինյանից
Նախկին Նիկոլ Փաշինյանից վաղուց բան չի մնացել։ Այն, ինչի համար նա ժամանակին մեղադրում էր նախկին իշխանություններին, հիմա շատ ավելի վատ է։ Ո՛չ երկրի անվտանգության հարցերն են կարողանում լուծել, ո՛չ կարողանում են տնտեսություն զարգացնել, և ո՛չ էլ մարդկանց սոցիալական խնդիրները լուծել։ Արցախի հարցը դեռ մի կողմ թողնենք։
Բոլոր առումներով ունենք շատ ավելի ծանր իրավիճակ, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր ու ընդդիմադիր դիրքերից կարող էր իրեն թույլ տալ ամեն ինչում մեղադրել իշխանություններին։
Այդ ժամանակները վաղուց անցյալում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ու պարտավոր է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում։ Անկախ նրանից՝ կընդունի՞, թե՞ չի ընդունի այդ փաստը, դրանից ոչինչ չի փոխվում։
Երկրի անվտանգության ու սահմանների պաշտպանության պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, ինչպես երբեմն փորձ է արվում ներկայացնել, այլ իշխանությունը։ Ու եթե այստեղ ինչ-որ բան այնպես չէ, իշխանությունների մեղքն է։
Այն, ինչ ունենք տնտեսական հատվածում ու սոցիալական ոլորտում, կրկին պատասխանատուն իշխանություններն են։ Իշխանություններն են պարտավոր զարգացնել տնտեսությունն ու լուծել մարդկանց սոցիալական խնդիրները։ Այլ բան, թե ինչքանով են կարողանում դա անել։
Փաստն այն է, որ տնտեսական ու սոցիալական իրավիճակը հիմա մեր երկրում իսկապես ծանր է։
Նախորդ տարվա անկումից հետո, տնտեսությունն աճում է, բայց զարգացում ու առաջընթաց չկա։ ՀՆԱ-ն դեռ չի հասել 2 տարի առաջվա մակարդակին, հույս էլ չկա, որ այս տարի կհասնի։
Սոցիալական պատկերն էլ ավելի տխուր է։ Տեղի է ունենում հասարակության համատարած աղքատացում։
Իշխանությունները խոստացել են կրճատել աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը նույնիսկ վերացնել, իսկ իրականում հակառակն է տեղի ունենում՝ աղքատությունն ընդլայնվում է, ծայրահեղ աղքատությունը՝ խորանում։ Աղքատանում են ինչպես չաշխատող, այնպես էլ աշխատող քաղաքացիները։ Պատճառը եկամուտների ու ծախսերի խորացող անջրպետն է, որը միշտ էլ եղել է, բայց հիմա ավելի է մեծացել՝ ակտիվ գնաճի հետևանքով։
Երկիրը մտել է գնաճային աննախադեպ բարձր միջավայր ու ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ։ Թանկացումները խժռում են մարդկանց, առանց այդ էլ, ցածր եկամուտները։
Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բոցաշունչ ելույթներ էր ունենում գնաճի վերաբերյալ և մեղադրում իշխանություններին մարդկանց թալանելու համար։ Այն ժամանակ գնաճը հազիվ 1-2 տոկոս էր։ Այսօր գնաճը հասել է գրեթե 9 տոկոսի, բայց իշխանությունների պետքն էլ չէ։ Միայն արդարացումներ են փնտրում ու փորձում խուսափել գնաճի հետևանքների պատասխանատվությունից։
Նախկինում գնաճի համար մեղավոր էին իշխանությունները, հիմա իշխանությունները, պարզվում է, մեղք չունեն։ Հիմա մեղավորը դրսից թելադրվող բարձր գներն են։
Մի քանի ամիս առաջ գների բարձրացման պատճառներից մեկն էլ համարում էին ազգային արժույթի արժեզրկումը։ Դրամը, երրորդ ամիսն է, ինչ արժևորվել է և վերադարձել նախկին դիրքին, իսկ թանկացումները չեն դադարում։
Օգոստոսին սննդամթերքի գնաճն անցավ 15 տոկոսից, ինչն աննախադեպ երևույթ է վերջին առնվազն 15-20 տարիների ընթացքում։ Եթե սա լիներ նախկինում, դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ աղեկտուր ճառեր էր ասում Նիկոլ Փաշինյանն ու մեղադրում իշխանություններին՝ մարդկանց թալանելու և աղքատության մատնելու համար։
Կարևոր չէ՝ այսօր նա ճառեր կասի՞, թե՞ ոչ, դա միանշանակ տանում է հասարակության աղքատացման։
Գնաճի տեմպը մեր երկրում անհամեմատ բարձր է, քան մարդկանց եկամուտների ավելացումը։ Էլ չասենք, որ շատ-շատերի դեպքում եկամուտների ավելացման մասին խոսք անգամ չկա։ Այդ խմբի մեջ մտնում են առաջին հերթին հասարակության անապահով խավերը, այդ թվում՝ կենսաթոշակառուներն ու նպաստառուները։ Նրանց եկամուտները ոչնչով չեն ավելացել, իսկ միայն սննդամթերքի ծախսերն աճել են ավելի քան 15 տոկոսով։
Չհաշված, որ սա դեռ սննդամթերքի միջին գնաճն է։ Կան բազմաթիվ առաջնային ապրանքներ, որոնց գներն անհամեմատ ավելի բարձր են, քան նախորդ տարի էին։
Պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ այս տարի ունենք բանջարեղենի գների ռեկորդային աճ. նախորդ տարվա համեմատ ավելի քան 66 տոկոս։
Առանձին ապրանքներ թանկացել են 200-300 տոկոսով ու դեռ շարունակում են թանկանալ։
Սննդամթերքի այսպիսի բարձր գնաճն անհամատեղելի է մարդկանց եկամուտների հետ։ Աղքատանում են անգամ աշխատող քաղաքացիները։ Իսկ կառավարությունը, փոխարենը մտածի գնաճի ազդեցությունը մեղմելու մասին՝ արդարացումներ է փնտրում, կարծես դրանից մարդկանց հոգսերը պիտի թեթևանան։ Կառավարության խնդիրն է՝ սոցիալական միջոցառումներով գոնե հասարակության անապահով հատվածին հնարավորինս պաշտպանել բարձր գնաճի ազդեցությունից։
Խոստումներ տալու ժամանակ շատ շռայլ են։ Բայց երբ գործը հասնում է դրանց իրականացմանը, ձեռքերը լվանում, մի կողմ են քաշվում։
Ժամանակին մեղադրում էին նախկիններին՝ երկիրը դատարկելու մեջ, հիմա երկիրը շատ ավելի մեծ տեմպերով է դատարկվում։ Արտագաղթի ալիքը նոր թափ է հավաքել։ Միայն տարվա առաջին կեսին Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 94 հազար քաղաքացի։
Սրա մեղավորը ո՛չ նախկիններն են, և ո՛չ էլ ընդդիմությունն է։ Սրա մեղավորն իշխանություններն են, որ մի կողմից՝ չեն կարողանում լուծել երկրի անվտանգության, մյուս կողմից՝ տնտեսական ու սոցիալական խնդիրները։
Ամեն ինչ այնպես են խառնել, որ ոչ մի կերպ գլուխ չեն հանում։ Այդքանից հետո դեռ փորձում են մեղքն ուրիշների վրա դնել։ Մոռանում են, որ իշխանությունը միայն վայելք չէ, նաև պատասխանատվություն է։ Ու այդ պատասխանատվությունն այսօր իշխանությունների վրա է՝ ուզենան թե չուզենան ընդունել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ