Եթե Կառավարությունը պարտադրում է ՊՇՌ թեստ հանձնել, պետք է գոնե մեկ թեստի դիմաց վճարի պետությունը. Նունե Ներսիսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը նախ անդրադարձավ պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու փաստին ու իր զարմանքը հայտնեց  երևույթի հանդեպ բժշկական համայնքի անտարբերության առնչությամբ:

«Ես զարմանում եմ, որ բժիշկները լռում են, երբ նման մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մի շարք տղաների կյանք փրկեց, կյանք պարգևեց, այսօր այդ մարդը ճաղերի հետևում է, դա դեռ բավական չէ, առողջական վիճակն էլ շատ ծանր է… Այս Կառավարությունը տանել չի կարողանում գրագետ մարդկանց, նպատակը «բժշկի» ինստիտուտը վերացնելն է»,- ասաց Ներսիսյանը:

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ: Պատվաստումն անվճար է, իսկ  ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական միջոցներից: Նունե Ներսիսյանի խոսքով՝ եթե Կառավարությունը պարտադրում է չպաստվաստվելու դեպքում ՊՇՌ թեստ հանձնել, ապա պետք է ծրագիր մշակեր, որով ամսական գոնե մեկ թեստի դիմաց կվճարեր պետությունը:

«Բայց ես ՊՇՌ թեստերին չեմ հավատում: Այս ընթացքում մի քանի ընտանիքների հետ եմ շփվել, որոնցից մեկն ամերիկահայ ընտանիք է, ԱՄՆ-ից էին եկել, Pfizer-ով պատվաստված, որոշակի ժամանակ այստեղ անցկացնելուց հետո պետք է գնան, ՊՇՌ թեստ են հանձնում, ԱՀԿ-ի պրոտոկոլով կարող են չհանձնել, մեկ էլ առանց կլինիկայի, առանց ախտանիշների տան ամենափոքր անդամի մոտ հայտնաբերում են կորոնավիրուս: Թռիչքից 5-6 ժամ առաջ նախարարությունից նամակ են ստանում, որ՝ գիտեք, Ձեզ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ 14+7 օր ինքնամեկուսացեք: Ո՞րն է նպատակը:

Ընտանիքը, բնական է, անչափահաս երեխային մենակ չի թողնելու, գոնե ծնողներից մեկը կմնա նրա մոտ, կամ ամբողջ ընտանիքը, առնվազն երկու հոգու տոմս կորում է, որ ասում են, թե տոմսերը վերականգնում են, նման բան գոյություն չունի,  21 օր մնում են ՀՀ-ում, գումար են ծախսում, նորից ավիատոմսերն առնում են, նորից ՊՇՌ թեստ են հանձնում, մարդիկ կան, որ մի թեստին չեն հավատում, գնում են այլ տեղ են հանձնում, որ համոզվեն՝ կորոնա ունե՞ն, թե՞ ոչ, որովհետև առանց ախտանիշների 12 տարեկան երեխային գրել են, որ վարակված է կորոնավիրուսով, բայց մարդը պատվաստված եկել է:

Հիմա եկեք գնանք ցանկացածս մի մոլլում պատվաստվելու, ուղղակի դիմենք, ասենք՝ «բարև Ձեզ, եկել ենք պատվաստվելու», որևիցե մեկը կհարցնի՞՝ ունե՞ք խրոնիկ հիվանդություն, թե՞ չունեք, որևէ խնդիր ունե՞ք, թե՞ չունեք, որևիցե մեկն ինձանից անամնեզ կհավաքի՞, հակացուցումներ ունե՞մ, թե՞ չունեմ, ոչ, մարդիկ շատ ուրախ, երջանիկ կպատվաստեն»,- ասաց Ներսիսյանը:

Նա պնդեց, որ յուրաքանչյուր պատվաստանյութ 5-10 տարի պետք է թեստավորման փուլ անցնի:

Տեսանյութեր

Լրահոս