«Շուշիից Ստեփանակերտ կրակոցների ձայներ լսել ենք գիշերվա ժամերին, ըստ էության, կրակոցները Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ էին». Մետաքսե Հակոբյան
Թշնամին այսօր կրակ է արձակել Կարմիր Շուկայի դիրքերի ուղղությամբ, քանի որ Կարմիր Շուկան դիրքերին շատ մոտ է, բնակիչներն այդ կրակոցները շատ մոտիկից են լսել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Կարմիր Շուկայում կրակոցների հետաևանքով վնասներ չկան։ Իսկ Շուշիից Ստեփանակերտ կրակոցների ձայներ լսել ենք գիշերվա ժամերին, ըստ էության կրակոցները Շոշի և Մխիթարաշենի ուղղությամբ էին։ Սա թշնամու կողմից նոր մարտավարություն չէ, այն նրա մշտական մարտավարությունն է եղել։ Պարզապես հիմա, երբ շատ մոտ ենք, ավելի սուր են լսվում կրակոցները, այսօր նրանք անկանոն կրակում են, որպեսզի խուճապ առաջացնեն։ Ժամանակ առ ժամանակ դա նրանց մոտ ստացվում է, մենք էլ փորձում ենք ժողովրդին հանդարտեցնել, որ տարբերակ չունենք, պետք է ապրենք, պայքարենք, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը փրկել, այլընտրանք չկա»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, այս կրակոցների արդյունքում հայկական կողմը չի լռում, և ըստ բնակիչների՝ պատասխանը ստանում են, սակայն ոչ այն ակտիվությամբ, ինչ ցուցաբերում է թշնամին՝ կրկին ոչ թիրախավորված։