«Ուրեմն տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել». ԲՏԱ նախարարը՝ կառավարության՝ Արցախ չմեկնելու մասին
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանից հարցրին, թե ինչո՞ւ Արցախի Հանրապետության անկախության օրը ՀՀ կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետը, Արցախում չեն:
«Ուրեմն որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել էդ ձևով անել, որևէ ուրիշ բաներ մի փնտրեք: Կարծում եմ, որ որևէ խնդիր չկա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձևով անել, կարծում եմ՝ պետք չէ ավելի մեծ պրոբլեմներ շինել»:
Մնացած հարցերը Խաչատուրյանը հորդորեց ուղղել վարչապետի մամուլի ծառայությանը և պնդեց, որ ինքը պատրաստ է պատասխանել միայն իր հետ կապված հարցերին: Ճշտող հարցին, թե տարօրինակ չէ՞, որ այսօր Արցախում չէ ՀՀ արտգործնախարարը, ԱԺ ղեկավարը, արդյոք կա՞ վախի գործոն, քանի որ, օրինակ՝ մեր նախկին արտգործնախարար Արա Այվազյանի այցին Արցախ արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և սպառնալիքներ էր հնչեցրել, Խաչատուրյանը հակադարձեց.
«Դրա համար ասում եմ՝ մեկնաբանություններ չկան դրան, կա որոշում, այդպես են վարվել: Չեմ կարծում, որ վախով է պայմանավորված»:
Լրագրողը Խաչատուրյանին հարցրեց, թե ինքն ինչո՞ւ չի գնացել:
Վ.Խ. – Իսկ պետք է գնայի՞:
Լրագրող – Ինչո՞ւ չպետք է գնայիք:
Վ.Խ. – Սովորական, չեմ կարծում, որ պարտադիր է, որ մենք բոլորս վեր կենանք գնանք:
Լրագրող – Այսինքն՝ մենք Արցախի էջը փակե՞լ ենք:
Վ.Խ. – Չենք փակել: Արցախում ընդամենը մի քանի օր առաջ եղե՞լ է մեր նախարարը, եղե՞լ է, թե՞ ոչ:
Լրագրող – Մենք որևէ նախարարի մասին չգիտենք:
Վ.Խ. – Ուրեմն չի եղել, լավ:
Այս պատասխանով էլ թեման փակեց նախարար Վահագն Խաչատուրյանը: