Գնդակը Թուրքիայի դաշտում է, պետք է իր միակողմանի որոշումները վերատեսության ենթարկի, Հայաստանն այստեղ անելիք չունի. Էստուկյան

Հայաստանի Հանրապետության շուրջ հետպատերազմյան աշխարհաքաղաքական իրականությունը շարունակում է դինամիկ կերպով փոխվել: Սա, ըստ մի շարք միջազգայնագետների, պայմանավորված է այն զարգացումներով, որոնք տեղի են ունենում աշխարհում և հատկապես վերջին շրջանում Միջին Ասիայում՝ Աֆղանստանում, որտեղ Հայաստանի անմիջական շահերին առնչվող բոլոր դերակատարները և հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան մեծ շահեր ունեն: Ռուսաստանը ևս փոխում է իր վեկտորները՝ փորձելով հարավկովկասյան երկրների նկատմամբ ազդեցություն հաստատելու տարատեսակ սխեմաներ, և ինչպես կարելի է հասկանալ ռուսական դիվանագիտության քարոզիչների դիրքորոշումներից՝ ռուսական քաղաքականության թիրախում ներկայումս Ադրբեջանն է, որի նկատմամբ ճնշումների բևեռ կազմելու, ինչպես նաև Արևմուտքի «մուտքը» տարածաշրջան կասեցնելու նպատակով Ռուսաստանը դեմ չէ ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դրա հնարավոր հետևանքների միջոցով, դրանով իսկ ինչ-որ առումով բավարարելով Հայաստանի իշխանությունների արևմտամետ ձգտումները, որոնք կարող են ակնկալել, որ Թուրքիայի միջոցով կարող են հայտնվել արևմտյան վեկտորի վրա:

ՌԴ դիվանագիտության տեսանկյունից սա հեռանկարային դիրքորոշում կարող է լինել նաև Միջին Ասիայում ծավալվող իրադարձությունների ֆոնին, երբ Թուրքիան և Ռուսաստանը փորձում են լավ հարաբերություններ հաստատել թալիբների հետ: Այս հարցում էական առավելություն ունի Թուրքիան Ռուսաստանից: Ռուս արևելագետների կարծիքով, ողջ Միջին Ասիան, ինչպես նաև Ռուսաստանը Թուրքիայից կախման մեջ է հայտնվելու՝ ինչպես թալիբների հետ Թուրքիայի հարաբերությունների, այնպես էլ՝ Քաբուլի օդանավակայանի նկատմամբ վերահսկողության շնորհիվ: Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը: Ռուսաստանն ակտիվորեն ուղերձներ է հղում «Թալիբան» շարժմանը, սակայն ավելի կաշկանդված է, քանի որ գոնե պաշտոնապես կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է, և ՌԴ-ում մտածում են «Թալիբան» շարժման կարգավիճակի փոփոխման շուրջ:

Վերադառնալով հայաստանյան իրողություններին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի թուրքամետ մտադրություններն ընդհանուր առմամբ չեն անհանգստացնում գոնե հրապարակայնորեն ռուսական կողմին, սակայն չեն ողջունվում՝ ինչպես Հայաստանում, Սփյուռքում, այնպես էլ՝ Թուրքիայում հաստատված հայ գործիչների կողմից: Փաշինյանը գոնե այս պահին որևէ պահանջ չի հնչեցնում Թուրքիայի նկատմամբ: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, այսպես կոչված, ուղերձները Երևանին առավելապես նախապայմաններ են, քան դրական ուղերձներ: Էրդողանը, ըստ էության, հրապարակային Երևանից պահանջում է մոռանալ պատմությունը, ընդունել պատերազմի հետևանքները և Ադրբեջանի, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իրագործել հետպատերազմյան եռակողմ հայտարարությունները:

168.am-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ լուրջ չի ընկալում Էրդողանի հայտարարությունը, քանի որ այն ծրագրային հայտարարություն չէր, այլ լրագրողի հարցին իսկույն տրված պատասխան:

Նրա բնորոշմամբ, ավելի ծանրակշիռ կլիներ, եթե ԱԳ նախարարությունը ծրագիր ներկայացներ, սակայն սա այդ երևույթից հեռու է, Թուրքիայի ԱԳ նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների մասին որևէ հայտարարություն չի արել:

«Սա ծրագրային մի բան չէ, այլ տրամադրության մասին է: Եթե ֆուտբոլային լեզվով ասենք, ապա գնդակն այս պահին Թուրքիայի կիսադաշտում է: Պետք է Թուրքիան իր միակողմանի որոշումները վերատեսության ենթարկի, իրենք է, որ սահմանը փակել են, իրենք է, որ դիվանագիտական հարաբերություններ չէին վերականգնում, հետևաբար՝ պետք է իրենք վերատեսության ենթարկեն, Հայաստանն այստեղ անելիք չունի մերձեցման հարցում: Հայաստանը մշտապես պահանջել է սահմանների բացում, պահանջել է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այդ բոլոր մերժողը Թուրքիան է եղել: Հետևաբար՝ այսօր Թուրքիան է, որ քայլ պետք է անի, այլ ոչ թե Հայաստանը: Հայաստանը կարող է ընդգծել բարիդրացիության կարևորությունը, այդքանը միայն: Թուրքիան միակողմանի փակեց սահմանը, որոշեց խզել դիվանագիտական հարաբերությունները, այսօր ինքն իր քաղաքականությունը թող փոխի, բայց նման հիմքեր չկան»,- ասաց Էստուկյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանություններն առաջարկում են շտկումներ մտցնել հայկական կողմի մոտեցումներում, Էստուկյանն արձագանքեց՝ ասելով. «Ի՞նչ քաղաքականություն էինք որդեգրել, որ փոխենք: Այդ բոլորը Թուրքիան է ձևավորել և մեզ պարտադրել: Մենք ի՞նչ որոշում ենք կայացրել, որ փոխենք այդ որոշումը: Թուրքիան թշնամի պետություն կոչվելու համար բոլոր քայլերն արել է, Արցախյան պատերազմում ի՞նչ տեսակ զորակցություն հայտնեց Ադրբեջանին՝ զենքով, զինվորներով, զինամթերքով, Սիրիայից փոխադրած վարձկաններով: Եթե մենք պետք է հրաժարվենք Ցեղասպանության ճանաչումից, դա բոլորովին այլ հարց է և դա վիճաբանության առարկա էլ չէ, Ցեղասպանությունը հայոց պատմության իրողություն է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար, մենք չենք կարող ուրանալ այդ իրողությունը, իսկ Թուրքիան պետք է ճանաչի այդ իրողությունը, քայլ անի, պետք է առերեսվի իր պատմությանը և պետք է խոստովանի իր արած հանցագործությունը: Ցեղասպանությունը մարդության դեմ հանցագործություն էր: Հիմա Թուրքիան նախ այդ հաշիվը պետք է մաքրի: Բայց Թուրքիայի այս իշխանության դեպքում դա գրեթե անհնար է»:

Ըստ Էստուկյանի՝ մենք որոշ սկզբունքների հիման վրա պետք է ձևավորենք մեր քաղաքականությունը:

Նա նշեց, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցություններով, հարևանների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ, փոխադարձ շահավետության վրա հիմնված ռազմավարություն և այդքանը միայն: «Այսօր մենք Թուրքիայի կնքահայրը լինելու կարիքը չունենք, բայց բարիդրացիութունն այլ է, բարեկամությունը՝ այլ: Թուրքիայի հետ բարեկամություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թուրքն ինքը բարեկամական մերձեցում կունենա Հայաստանի հետ, Ցեղասպանության փաստի ընդունմամբ: Եթե հրաժարվենք պահանջատիրությունից, դա կլինի բացարձակապես սխալ»,- նկատեց Բագրատ Էստուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս