Բենզալցման և գազալցման կայաններում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է մասնավորապես բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը:
«Ոլորտը դեռևս համարվում է ռիսկային իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով:
Վերջին 6 օրերի ընթացքում բենզալցման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։
Իսկ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին 6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ և դրանց ուղեկցող փաստաթղթեր»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման և տեղափոխության դեպքեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերությունների նկատմամբ։