Բաժիններ՝

Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել Աֆղանստանում. Պենտագոն

«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին եւ ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում:

«Թալիբան»-ը շարունակել է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,- ասվում է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացված վերջին եռամսյակային հաշվետվության մեջ:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս