Լուկաշենկոն պլանավորում է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութ արտադրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Վիտեբսկի շրջանում գտնվող «ԲելՎիտունիֆարմ» ԲԲԸ ձեռնարկություն, որտեղ պլանավորում է COVID-19-ի դեմ բելառուսական պատվաստանյութի արտադրություն կազմակերպել: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալության թղթակիցը:
Պատվաստանյութի արտադրության համար ձեռնարկությունը պատրաստվում է նոր կորպուս կառուցել, դրա համար տարածքն արդեն պատրաստ է։ Իսկ առայժմ պլանավորում են պատրաստուկի մշակմամբ զբաղվել «ԲելՎիտունիֆարմ»-ի հիմնական կորպուսում, հատուկ դրա համար նախապատրաստված հարկում:
Ժամանելով ձեռնարկություն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչպես է կազմակերպվելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, ինչ ձեռնարկություններ կգործարկվեն այդ աշխատանքում եւ ինչ փուլերով: «Մեզ այսօր հարկավոր է բուժել քովիդը, իսկ վաղը՝ մեկ այլ վարակ: Ստանալով պատվաստանյութը՝ հենց այստեղ է այն կբազմացնենք, կարտադրենք մեծ քանակությամբ»,-նշել է նախագահը:
Պետության ղեկավարն ասել է, որ այժմ աշխարհում հատուկ ժողովրդականություն ունեն COVID-19-ի դեմ ռուսական եւ չինական պատվաստանյութները: Նա ընդգծել է, որ նաեւ բելառուսական պատվաստանյութը պետք է բարձր արդյունավետություն ունենա: Ալեքսանդր Լուկաշենկոյին նաեւ զեկուցել են Բելառուսի ընթացիկ համաճարակաբանական իրադրության մասին, թե ինչպես է անցնում բնակչության պատվաստումը: Երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինեւիչի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով հիվանդացությունն այսօր կազմում է 100 հազար բնակչության հաշվով շաբաթական ավելի քան 73 դեպք: Համեմատության համար նշենք, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացությունը կազմում է 100 հազար բնակչության հաշվով 107 դեպք (Մոսկվայում՝ 162 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 248 դեպք):