
Այն ինչ տեղի ունեցավ Աննա Մկրտչյանի նկատմամբ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է. Արամ Վարդևանյան

ԱԺ նախագահի որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը զրկվեց ձայնի իրավունքից և մինչև օրվա վերջ չպետք է մուտք գործի նիստերի դահլիճ, քանի որ պատգամավորն իր ելույթում Նիկոլ Փաշինյանին տվեց կապիտուլյանտ բնորոշումը:
Այս որոշումից հետո «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները բոյկոտեցին նիստը և լքեցին դահլիճը, այս պահին քննարկում են իրենց հետագա քայլերը:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահի որոշումը հակաօրինական էր, և այն չի համապատասխանում ԱԺ կանոնակարգ օրենքին:
«Երկու պատասխանատվության միջոց կիրառվեց՝ խոսափողի անջատում և դահլիճից հեռացում, սա նորմալ չէ, սա ԱԺ կանոնկարգ օրենքի տրամաբանության մեջ չի մտնում: Չգիտեմ՝ սա ինչով է պայմանավորված, բայց առնվազն իրավական առումով սա աբսուրդ է: Առնվազն այն, ինչը տեղի ունեցավ Աննա Մկրտչյանի նկատմամբ, ով ԱԺ պատգամավոր է, պաշտպանված ներկայացուցչական մանդատով, ով Սահմանադրության ուժով ներկայացնում է հայ ժողովրդին՝ տեղի ունեցավ ակնհայտ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի կոպիտ խախտում»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ Ալեն Սիմոնյանին տեղեկացրել է, որ իրավական առումով իր որոշումն ուղղակի աբսուրդ է:
«Մեկ արարքի համար կարող է լինել մեկ պատասխանատվության միջոց»,- հավելեց Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում