ԱՏՁՄ-ն հերթական անգամ անհատույց միլիոններ է ստացել բյուջեից՝ առանց հաշվարկ-հիմնավորումների

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որը վերաբերում է հրատապ մեկ անձից գնում կատարելուն։

Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանի ներկայացրած նախագծով 18 միլիոն դրամ` առանց մրցույթի, որպես դրամաշնորհ, հատկացվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ մի շարք միջոցառումների իրականացման համար։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ նշված գումարից 600,0 հազար դրամն անհրաժեշտ է առաջին կիսամյակում՝ մայիսի 15-16-ը Դիլիջանում անցկացված ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումի համար, իսկ մնացած գումարը՝ 17,4 մլն դրամը, չորրորդ եռամսյակում, որից 12,0 մլն դրամը՝ հոկտեմբերի 1-3-ը՝ Դիջիթեք, 4,8 մլն դրամը՝ նոյեմբերին նախատեսվող Բիզնես ինովացիոն ֆորումի, և 600,0 հազար դրամը՝ դեկտեմբերին նախատեսվող ՏՀՏ լիդերների հանդիպում հերթական ֆորումի համար

18 միլիոն դրամը դրամաշնորհի տեսքով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին հատկացնելը, ըստ որոշման, պայմանավորված է վերջինիս բացառիկությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ նշված միջոցառումներն իրականացվել են հենց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի կողմից։

Ուշագրավ է, որ 18 միլիոն դրամի անհատույց հատկացման վերաբերյալ առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը՝ շեշտելով, որ ներկայացված նախագծում բացակայում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային եղանակով ընտրելու խոչընդոտները, առաջարկվող մոտեցման արդյունավետության գնահատումները, ինչպես նաև Դիջիթեք, Բիզնես ինովացիոն ֆորում և ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորում միջոցառումների կազմակերպման հաշվարկ-հիմնավորումները և գնագոյացման սկզբունքները։

Չնայած Ֆիննախի նեկայացրած այս առարկությանը՝ գործադիրը նախագիծն ընդունել է։

Նկատենք, որ առաջին դեպքը չէ, երբ գործադիրը պետբյուջեից միլիոնների հատկացումներ է անում ԱՏՁՄ-ին. մի դեպքում դա ունի դրամաշնորհի տեսք, մյուս դեպքում՝ բյուջե չվերադարձված միլիոնավոր դրամների հարկի։

Այդ մասով 168.am-ի ծավալուն հրապարակումն՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս