Ե՞րբ է Արշակ Կարապետյանը ՀՀ ինքնիշխան տարածքից 1000 ադրբեջանցիներին հեռացնելու հրաման տալու և վերադարձնելու Սև լճի վերահսկողությունը՝ ըստ ԽՍՀՄ ԳՇ քարտեզի

Մայիսի 28-ին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր․

«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:

Մինչդեռ այսօրվա դրությամբ փաստացի Սև լճի տարածքն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, սա փաստում են և՛ ադրբեջանական լրատվամիջոցները, և՛ հայկական:

Մասնավորապես, «Զանգեզուր» TV-ն մոտ 2 շաբաթ առաջ հեռարձակված ռեպորտաժում նշել էր, որ թյուր է կարծիքը, թե Սև լիճը վերահսկում է հայկական կողմը, իրականում մի փոքր հատված է ընդամենը թողել Ադրբեջանը՝ 10 տոկոս, այն էլ, այսպես ասած, ձևի համար։

«Մենք ներկա պահին գտնվում ենք լճի հյուսիս-արևմտյան հատվածում, իսկ ձախ, աջ թևում գտնվող և դիմացի բարձունքները տիրապետում է հակառակորդը»,- ասում է պահեստազորի սպա Կարեն Քոչարյանը և հավելում, որ թշնամին ցանկացած պահի կարող է կասեցնել հայկական կողմի մոտենալը դեպի Սև լիճ:

«Ես կարող եմ ասել, որ Սև լիճն ամբողջությամբ գտնվում է հակառակորդի հսկողության տակ»,- «Զանգեզուր» TV-ի հետ զրույցում վստահեցնում է պահեստազորի սպան:

Այսինքն, խնդիրը, բնավ, 30 տոկոսը չէ, ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, մայիսի 16-ին, երբ արդեն ադրբեջանական զինծառայողները 4 օր էր՝ ինչ ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Սև լճի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակեց դեռևս 1929թ. հաստատված քարտեզները, որոնց համաձայն՝ Սև լճի հիմնական մասը, ինչպես նաև լճից հարավ և հարավ-արևելք ընկած բլուրները, որոնք զավթել է Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանի սահմաններում են։ Այսինքն, Սև լիճը, բացի հյուսիսային փոքր հատվածից, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։

Նիկոլ Փաշինյանը 3 ամիս շարունակ պնդում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժած ադրբեջանցի 1000 զինծառայողներին հեռացնելու են և խնդիրը լուծելու քաղաքական դիվանագիտական ճանապարհով՝ առաջարկելով զորքերի հետքաշում Սոթքից մինչև Խոզնավար, ՌԴ կամ միջազգային ուժերի տեղակայում և սահմանազատման գործընթացի մեկնարկ:

Մինչդեռ ադրբեջանական կողմը կեղծ քարտեզները ձեռքին շարունակում է պնդել, որ դուրս չեն գալու այդ տարածքներից, ակտիվորեն դիրքերի բարելավում և ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, իսկ հայկական կողմը հօգուտ իրեն, ԽՍՀՄ ԳՇ քարտեզը ձեռքին, շարունակում է համակերպվել այս խայտառակ իրողության հետ:

Թեպետ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ից վստահեցրել էին․

«ՀՀ զինված ուժերի կողմից սահմանային հատվածներում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները ենթակա չեն հանրայնացման, իսկ Ադրբեջանի սահմանագոտում իրականացվող ինժեներական աշխատանքները պարբերաբար ճնշվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ստանում»:

Օրերս 168.am-ին հայտնի էր դարձել, որ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել էր անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։

Հիմա մնում է հասկանալ և սպասել՝ ե՞րբ է Արշակ Կարապետյանը ՀՀ ինքնիշխան տարածքում 3 ամիս գտնվող ադրբեջանցի 1000 զինծառայողներին հեռացնելու հրաման տալու և հասնելու ԽՍՀՄ ԳՇ քարտեզներում նկարագրված վիճակին, որով Սև լիճը, ինչպես նշեցինք, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է՝ բացի հյուսիսային փոքր հատվածից:

Տեսանյութեր

Լրահոս