Մոսկվան մերժեց Փաշինյանին

«Ռուսաստանը չի  տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով»,-այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

Նա նշել է, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով` դրան հետևող սահմանագծմամբ: «Ռուսաստանը հանդես է գալիս այս հարցի հնարավորինս շուտ լուծման օգտին»,- ասել է Բիկանտովը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարության նիստին հայտարարել էր, որ իմաստ ունի դա դիտարկել սահմանազատման աշխատանքներն առանց բախումների անելու համար, և այդ հարցը պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։ Նա նաև նշել էր, թե Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ Ըստ նրա, առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։

Ավելի վաղ՝ մայիս ամսին, հայ-ադրբեջանական սահմանի խախտումից հետո Փաշինյանն առաջարկել էր միայն Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։

Տեսանյութեր

Լրահոս