Երևանի ավագանու իմքայլական անդամ Արման Անտոնյանի վիճակը կայուն-ծանր է
Կիրակի օրը մարմնական ծանր վնասվածքներով Աբովյանի ԲԿ տեղափոխված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ:
«Վիճակը նույնն է, մնում է ծանր, սակայն երեկվանից կայուն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերժ Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Արման Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և դանակի 11 հարված հասցրել կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպել են Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն էլ հայտարարություն էր տարածել, նշելով, որ իրենց կարծիքով՝ կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ: Հաղորդագրությունում այլ մանրամասներ չէին հայտնել, հիմնավորելով, որ չեն ցանկանում խանգարել նախաքննության ընթացքին։