
Բուլղարիայի հատուկ ծառայություններն անօրինական միգրացիայի աճ են արձանագրում սահմանին

Բուլղարիայի տեխնիկական կառավարության ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտնել է անօրինական միգրանտների կողմից երկրի սահմանի հատման փորձերի թվի ավելացման մասին: Իր հայտարարությունը նա արել է հուլիսի 30-ին՝ պատասխանելով երկրի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) պատգամավորների հարցին։
«Տարեսկզբից արձանագրվել է սահմանի անօրինական հատման 17 261 փորձ, 16 900 մարդ կանգնեցվել է սահմանապահ ոստիկանության կողմից եւ վերադարձվել հարեւան պետությունների (Հունաստանի եւ Թուրքիայի – ծանոթ. խմբ.) տարածք, 570 անօրինական միգրանտ ձերբակալվել է երկրի տարածքում»,- հայտնել է նախարարը:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը ճշտել է, որ անօրինական միգրացիայի կանխման համար սահման են գործուղվել ոստիկանության եւ Ժանդարմերիայի լրացուցիչ ուժեր, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: