«Դատապարտում ենք Ադրբեջանի ներկայացուցիչների, մասնավորապես, վերջին հայտարարությունները». ԵԽ զեկուցողները հայտարարություն են տարածել

Քիչ առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանի մոտ Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումներում 3 հայ զինծառայողի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ հայկական դիրքերն ու գյուղերը, ինչպես հաղորդվում է, գնդակոծվել են վաղ առավոտից, և մեր խորը ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսների ընթացքում գրանցված մի շարք միջադեպերից կամ սադրանքներից վերջինն էր, ներառյալ՝ միջպետական սահմանի խախտումներ, որը սկսվել է մայիսի 12-ին ՀՀ տարածք ադրբեջանական ուժերի ներխուժմամբ: Նախիջևանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, երբ մեկ այլ հայ զինծառայող զոհվեց, պակաս մտահոգիչ չէ»,- նշել են զեկուցողները՝ կողմերին կոչ անելով խստորեն հետևել հրադադարի ռեժիմին, զերծ մնալով սադրանքներից:

Համազեկուցողներն արձանագրել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններում առանց ուժի կիրառման և միակողմանի գործողությունների: «Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 12-ին նախորդած դիրքերին, եռակողմ հրադադարի հայտարարության համաձայն: Չափազանց կարևոր է, որպեսզի դադարեցվի բորբոքիչ հռետորաբանությունը իրավիճակի ապաէսկալացիայի համար: Այս կոնտեքստում մենք դատապարտում ենք Ադրբեջանի ներկայացուցիչների, մասնավորապես, վերջին հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» և ՀՀ տարածքը, որպես Ադրբեջանի «նախնիների երկիր», ներկայացնելու վերաբերյալ: Նման հայտարարությունները: Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են հետագայում խաթարել տարածաշրջանային անվտանգությունը»,- նշված է հայտարարությունում: Ամփոփելով, զեկուցողները նաև նշել են. «Մենք վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցել վստահության ամրապնդման միջոցներին և բանակցային սեղանին առկա ցանկացած հարցի հասցեագրմանը, ներառյալ՝ հակամարտության վերջնական կարգավորման և ԼՂ տարածաշրջանի ապագա կարգավիճակի հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմամբ»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում այս հայտարարությանը կից գրել է. «Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն»:

 

Տեսանյութեր

Լրահոս