«Եթե կարող են այսպիսի անվտանգություն ստեղծել լոկալ պայմաններում, ինչո՞ւ է մեր սահմաններն անվտանգության առումով բաց»․ Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ–ում անվտանգության նոր սարք տեղադրելու մասին

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ դեռևս ԱԺ աշխատակազմից չի ստացել իր գրության պատասխանը, թե ինչ հիմնավորմամբ են պատրասվում արգելել լրագրողների ազատ տեղաշարժը խորհրդարանում։ «Երբ ես տեղեկություն ստացա, որ լրագրողների տեղաշարժը ԱԺ-ում սահմանափակվելու է, ուղարկել եմ գրություն և մինչ օրս պատասխան չունեմ. Թերևս հիմնավորումներ են փնտրում, որպեսզի տրամաբանական հիմնավորում ներկայացնեն, թե ինչն է խնդիրը, որ լրագրողները միջանցքում մոտենում են որևէ պատգամավորի և հարց տալիս»,– ասաց Թագուհի Թովմասյանը:

«Եթե մենք հանրային գործիչներ ենք, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, ինչու ենք խուսափում լրագրողներից: Սա ինձ համար ամենաանընդունելի մոտեցումն է: Ես նաև իմ հարցաշարի մեջ գրել եմ, որ խորհրդարանի ձևավորման օրվանից ավանդույթ կա, որի դրսևորումն այն է, որ լրագրողներն ազատ կարողանում են այս կառույցում շրջել և իրենց հարցերի պատասխանները ստանալ պատգամավորներից, նաև կառավարության անդամներից: Սա միակ հնարավորությունն է լրագրողների համար ազատ տեղաշարժի և ազատ մեկնաբանություններ ստանալու: Ստացվում է՝ դուք այսուհետ զրկված եք լինելու բացառիկ տեղեկություն ստանալու, բացառիկ կադրեր անելու հնարավորությունից:

Ես կարծում եմ՝ որեւէ երկրի օրինակ բերելն այստեղ ճիշտ չէ, ի վերջո մի բան էլ մենք պետք է մինչեւ վերջ անենք: Այսօր խոսում են անվտանգության մասին, և այս սարքերը, որ տեղադրված են դահլիճի մոտ, մի քիչ նսեմացուցիչ է: Մի հատ ստուգում են ԱԺ շենք մտնելիս, մի հատ դահլիճ մտնելիս, ինչի՞ց են վախենում, անհասկանալի է: Եթե կարող են այսպիսի անվտանգություն ստեղծել լոկալ պայմաններում, ինչո՞ւ է մեր սահմաններն անվտանգության առումով բաց»,- հավելեց նա:

Թագուհի Թովմասյանը նաև հարց բարձրացրեց. «Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ: Այսինքն՝ նոր խմբակցությունների՞ց են վախենում: Կամ՝ խորհրդարանում այդ ո՞վ է այդքան վտանգավոր, որ պետք է 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ: Այս խորհրդարանում եղել են անվտանգության միջոցառումներ, բայց մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարդիկ զենքեր տեղափոխեցին խորհրդարան: Այս ցուցադրական սարքերը, չեմ կարծում՝ որեւէ հարց պետք է լուծի»:

Տեսանյութեր

Լրահոս